Հարցազրույց 

Բանակի մասին չի կարելի վատը խոսել. Արտակ Զաքարյան

analitik.am

Հայոց Բանակի 23-րդ տարեդարձի առիթով analitik.am-ը զրուցեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ:


- Պարո՛ն Զաքարյան, այս 23 տարիների ընթացքում ի՞նչ ձեռքբերումներ է արձանագրել Հայոց Բանակը: Եվ, իհարկե, կխնդրեի խոսեիք նաև բացթողումների մասին:


- Բանակում առկա խնդիրների մասին կարծում եմ չարժե խոսել: Ոչ թե այն պատճառով, որ իշխանության ներկայացուցիչ եմ, այլ միայն նրա համար, որ բանակն ինքնին ձեռքբերում է և չի կարելի վատը խոսել: Մենք շատ ենք երազել բանակ ունենալ: Այն իդեալական չէ, բազմաթիվ խնդիրներ ունենք լուծելու, սակայն բանակում չկա բացթողում: Կան նպատակներ, երազներ, որ պետք է իրականացնել:


- Ինչպիսի՞ն պետք է լինի հայկական բանակը:


- Մեր բանակը պետք է լինի տարածաշրջանի ամենուժեղ բանակը: Բացի այդ, բանակը երաշխավորում է խաղաղություն : Այսօր Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը լավագույն խաղարար ուժն է, որը կարող է տարածաշրջանին խաղաղություն բերել: Այսօր Հայկական Բանակը ծառայում է նաև այլ պետությունների շահերին՝ ապահովելով այնպիսի խաղաղություն, որ տարածաշրջանում տարբեր՝ էներգետիկ, քաղաքական-տնտեսական ծրագրեր իրականացվեն, ինչը մեզ համար հպարտություն է: Դա նշանակում է , որ մենք պետություն ենք, որ մենք ուժ ենք, որ մենք մեզանից ներկայացնում ենք այն կարողությունները, որոնք ակնկալում են մեր գործընկերները, իսկ բանակը մեր լավագույն դաշնակիցն է՝ քաղաքական նպատակներ իրականացնելու , մեր պետության վաղվա օրվա մասին խոսելու համար: Եթե բանակ չունենանք, վաղվա օրվա մասին խոսելը շատ փխրուն և սենտիմենտալ կհնչի: Սրանք ոչ թե էմոցիոնալ խոսքեր են, այլ իրականություն : Դիվանագետը, եթե ինչ-որ բան է ասում՝ ի նկատի է ունենում, որ իր ասելիքի հետևում կանգնածն է բանակը: Շինարարը, եթե ինչ-որ բան է կառուցում, գիտի , որ դրա պաշտպանը բանակն է: Ուսուցիչը, եթե ինչ-որ բան է ուսուցանում , գիտի, որ այդ գիտելիքը մնալու է հային, որովհետև բանակն է տերը, հետևաբար դա միայն ֆիզիկական անվտանգություն չէ, դա բարոյական արժեքների պահպանության խնդիր է:


- Ի՞նչ եք մաղթում հայ զինվորին:


- Ես ուզում եմ բոլոր զինվորներին շնորհավորել: Ես տասնութ տարի առաջ իմ զինվորների հետ այս նույն բառերով էի խոսում:


- Ծառայե՞լ եք:


- Իհարկե: Ես պատիվ եմ ունեցել ծառայելու առաջին գծում որպես գումարտակի փոխհրամանատար: Իմ ենթակայության տակ 200-ից ավելի զինվորներ են եղել և յուրաքանչյուրի հետ ես խոսում էի նույն լեզվով , որովհետև յուրաքանչյուր հայ մարդ պետք է գիտակցի, թե ինչու է բանակ գնում ինքը և ծառայությունից հետո ևս պետք է գիտակցի, որ բանակի հետ է և ծառայության մեջ՝մինչև իր կյանքի վերջը: Մեզ Աստված այսպես է ստեղծել.եթե ուզում ենք հայ մնալ և մեր երկրում, ուրեմն պետք է ծառայենք. Բանակը մեր կեսագրությունն է:

 

Զրուցեց Հասմիկ Մովսիսյանը

Նույն շարքից