Հասարակություն Հարցազրույց Ռազմական 

Բանակը հասել է իր հաջողության գագաթնակետին. Քաղաքագետ

analitik.am

Հայկական Բանակն այսօր 23 տարեկան է: Այս տարիների ընթացում ի՞նչ ձեռքբերումներ նա արձանագրեց իր պատմության էջերում և ինչ բացթողումներ ունի այսօր: Այս և այլ հարցերի շուրջ analitik.am-ը զրուցել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ:

 

- Կարծում եմ, որ Հայաստանի գլխավոր ձեռքբերումն այն է, որ Հայոց բանակն այսօր տարածաշրջանի աշխարհաքաղաքական կարևոր գործոն է հանդիսանում: ՀՀ Զինված ուժերն են, որ թելադրում են քաղաքականությունն ու կայունությունը տարածաշրջանում, նրանք են որ տարածաշրջանում ապահովում են մեր անվտանգությունն ու պաշտպանությունը: Քաղաքականություն ասելով, իհարկե՛,  ավելի գլոբալ պաշտպանություն նկատի ունեմ, ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների մակարդակում: Այսինքն՝ բանակը հասել է իր հաջողության գագաթնակետին և իր առջև դրված խնդիրները լուծում է հիանալի մակարդակով: Ինչ վերաբերվում է, թե ինչպիսի՞ն կուզենայի տեսնել բանակը, երևի հենց այսպիսն էլ կուզենայի՝ ավելի անվտանգ, ավելի քիչ ծանրաբեռնված և ավելի մարտունակ:

 

- Կխնդրեի մեկնաբանեիք նաև ՀՀ նախագահի երեկվա հայտարարությունը: Ըստ Ձեզ, ի՞նչ ազդեցություն ունեցավ այն թե՛ միջազգային կառույցների, թե՛ Ադրբեջանի և թե՛ հայ լսարանի վրա:

 

- Բնականաբար, սա լուրջ ազդանշան էր թե՛ միջնորդների, թե՛ մեր թշնամու համար: Վերջիններս հասկացան, որ Հայաստանը փոխում է մարտավարությունը՝ ռազմավարական գործունեության տեսակետից, և այս նոր մարտավարությունը ենթադրում է ավելի մեծ վերահսկողություն անվտանգության ապահովման առումով: Դա բավական ազդեցիկ հայտարարություն էր, որից, կարծում եմ, Ադրբեջանն ու միջնորդները պետք է հետևություններ անեն: Համենայնդեպս, դատելով երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հաղորդագրությունից, կարելի է եզրակացնել, որ ՀՀ նախագահի խոսքն իր ազդեցությունն ունեցել է:

 

- Այս գիշեր Ադրբեջանի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7000 կրակոց: Դա որևէ կապ կարո՞ղ է ունենալ այսօրվա տոնի՝ Հայկական Բանակի օրվա հետ:

 

- Նման օրերին, բնականաբար, լարվածությունն ավելի մեծ է լինում: Կրակոցների քանակը ևս ավելի շատ է լինում, քան նախորդ օրերին: Այդ կրակոցներն, ի դեպ, շատ անկանոն էին և ոչ նպատակային, իսկ Ադրբեջանը պատերազմ սկսելու ոչ մի լուրջ մտադրություն չունի :

 


Հասմիկ Մովսիսյան

Նույն շարքից