Հայաստան 

Արթուր Բաղդասարյանը՝ Մարտի 1-ի և Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման մասին

analitik.am

«Օրինաց երկիր» կուսակցությունը ոչ իշխանական եռյակի հետ առողջ կերպով համագործակցում է, և այդ համագործակցությունը գնալով խորանում է: Այս մասին այսօր մի քանի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: «Եվ այդ համագործակցությունը գնալով խորանալու է բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնց վարքագիծը կանխատեսելի է և նպատակաուղղված է երկրում իրական փոփոխությունների իրականացմանը, իմիտացիոն գործընթացների դեմ պայքարելու համար քաղաքական ուժերի ջանքերի համախմբմանը»,- ասաց Ա. Բաղդասարյանը:

Արդյոք ՕԵԿ-ը ցանկանո՞ւմ է մտնել ոչ իշխանական եռյակ, կամ եռյակի ուժերը պատրա՞ստ են ընդունել ՕԵԿ-ին՝ հարցին Ա. Բաղդասարյանը պատասխանեց, թե ՕԵԿ-ի օրակարգում եռյակին միանալու խնդիր չկա, կա եռյակի հետ սերտորեն համագործակցելու ցանկություն:

Նա անդրադարձավ նաև շաբաթներ առաջ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի և մի քանի ազատամարտիկների դեմ կատարված հարձակումներին: «Մենք դեմ ենք հասարակության մեջ բռնարարք երևույթին, մարդկանց վախեցնելու, ահաբեկելու այդ արատավոր քաղաքականությանը: Եղել են հանրահավաքներ, երբ պլաստմասսայե շշով խփել են ոստիկանին, նրան դատել են, բայց մարդն ուղեղի ցնցում է ստանում, և հարվածողը պատասխանատվության չի ենթարկվում: Դա խոսում է մեր իրավական համակարգի, մեղմ ասած, անհուսալի վիճակի մասին, որտեղ գործում է ոչ թե օրենքի ուժը, այլ սուբյեկտիվ քաղաքականությունը»,- հայտարարեց Ա. Բաղդասարյանը:

ՕԵԿ ղեկավարը նաև հայտարարեց, որ հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: «Հանդիպում եմ ունեցել Գ. Ծառուկյանի հետ, քննարկել ենք մեր երկրում ստեղծված ներքաղաքական հարցեր: Կարող եմ ասել, որ շատ հարցերում ունենք ընդհանուր մոտեցումներ»,- ասաց նա:

ՕԵԿ ղեկավարը նաև ասաց, թե պատրաստվում են 2015թ. անցկացնել հանրահավաքներ, և չբացառեց այդ գործընթացներում եռյակի հետ համագործակցությունը:



Սկզբնաղբյուրը՝ 1in.am

Նույն շարքից