Վերլուծական 

Արդյոք պաշտոնական Ստեփանակերտը պետք է թույլատրի Ալիևի եվրոպացի քիրվային մուտք գործել Արցախ

analitik.am

ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանում ընդունվեց մի բանաձև, որի համաձայն պետք է կազմվի «Բռնությունների աճը լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի գրավյալ այլ տարածքներում » զեկույց, իսկ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերին վեհաժողովը նշանակեց զեկուցող:


Նման խայտառակ բանաձևի ընդունումն անվանել Հայաստանի արտաքին քաղաքականության լիակատար ձախողում, նշանակում է ոչինչ չասել: Այս բանաձևի ընդունման գլխավոր պատճառներից պետք է համարել Բաքվի ցինիզմի ու կեղծավորության արդյունքը: Բացի այդ, մի կողմից եվրոպական խորհրդարանականների անտարբերությունը, իսկ մյուս կողմից որոշ եվրոպացի պատգամավորների ծախվածությունն ու իհարկե, հայրենի դիվանագիտության ֆիասկոն, հիմք հանդիսացան, որպեսզի Արցախը վերածվի ադրբեջանական օկուպացված տարածքի:


Այսպիսով, ստացվում է հետաքրքիր իրավիճակ. Ադրբեջանի կողմից ամռանը սանձազերծած ռազմական գործողությունները, որի հետևանքով եղան մարդկային զոհեր, ապրիորի մեղավոր կողմն է հանդիսանում Հայաստանը, քանի որ «գրավել է» իր պատմական հայրենիքի մի մասն Ադրբեջանից, իսկ Միջազգային իրավունքի նորմերով նման վեճերում միշտ մեղավոր կողմն է հանդիսանում ագրեսոր պետությունը:


Իհարկե, Ադրբեջանի տեսանկյունից հանցագործը մենք ենք, մեր մեղքն այն է, որ հայ ենք ծնվել և Աստծու կողմից տրված մեր բնօրրանում փորձում ենք ապրել հաշտ ու համերաշխ, իսկ մահացու մեղսագործությունը կայանում է նրանում, որ չենք հանձնվում և հնազանդորեն հոշոտվում արնախում վիժվածքից, այլ զենք վերցնելով արժանի հարված ենք հասցնուն նրան: Իր հերթին, եվրոպացիների կողմից այս անհեթեթ և վտանգավոր բանաձևի ընդունումը, անուղղակիորեն նպաստելու է Արցախյան հիմնախնդրի ռազմական էսկալացիայի մեծացմանը: Այս տրամաբանությամբ Բաքվի իշխանությունները կարող են սաստկացնել շփման գոտում գնդակոծություններն ու սահմանային գյուղերի ուղղությամբ ռմբակոծությունները, ինչպես նաև հաճախակիացնել դիվերսիոն խմբերի ներթափանցումը մեր թիկունք, միևնույն է մեղավորը միշտ հայկական կողմն է լինելու: Իսկ եթե հաշվի առնենք, որ զեկույցը կազմելու է Ալիևի կլանին մոտ կանգնած և ջերմ հարաբերություններ հաստատած բրիտանացի համադամասեր Ռոբերտ Ուոլթերը, ապա Ադրբեջանի ղեկավարները անհանգստանալու խնդիր չեն ունենա:


Մնում է միայն զարմանալ, մի՞թե հնարավոր է այդքան խավիար ուտել: Նման ճանապարհով Ալիևը փորձում է հասնել իր գլխավոր նպատակներից մեկին՝ դահճին դարձնել զոհ, իսկ զոհին դահիճ: Պետք է նշել, որ Ալիևը չի փայլում օրիգինալությամբ, սակայն կրկնում է իր նախորդների փորձված և արդյունավետ մեթոդը: Հայկական կոտորածների ժամանակ Աբդուլ Համիդը ամբողջ մեղքը բարդում էր խեղճ և անպաշտպան հայերի վրա՝ եվրոպացիների աչքերում նրանց պատկերելով զինված ու դաժան ահաբեկիչների, իսկ եվրոպացի դիվանագետներն ըմբռնումով և և լիարժեք վստահությամբ ընդունում էին սուլթանի հավաստիացումները:


Այդ տխրահռչակ ֆարսի համար հայ ժողովուրդը շատ թանկ վճարեց՝ տալով 300 հազար զոհ, այն նաև նախերգանք հանդիսացավ Մեծ Եղեռնի համար: Հետաքրքիր է իմանալ մերօրյա քաղաքական ֆարսի դիմաց արցախահայությունն ի՞նչ գին է վճարելու: Այս ամենով հանդերձ, զարմանալ կարելի է ԵԽԽՎ-ի կողմից ընդունած բանաձևի պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշման վրա: Վերջիններս պատրաստ են ընդունել Ալիևի քիրվային և պարզաբանել նրան իրավիճակի իսկությունը, մի՞թե Ստեփանակերտում մտածում են, թե բրիտանացի գործչին հետաքրքրում է ճշմարտությունը, թե հույսը դրել են նրա անկեղծության ու ազնվության վրա՝ մի մարդու, որն Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունները համարել է ժողովրդավար, ազատ ու թափանցիկ: Սակայն, դիլետանտություն է, կամ անսահման դյուրահավատություն, երկուսն էլ վտանգավոր են և շատ թանկ կարող են արժենալ արցախահայության համար:

Արցախը հանդիսանալով չճանաչված պետություն, և չհանդիսանալով ԵԽԽՎ-ի անդամ՝ Ստրասբուրգի կայացած որոշումը չի կարող համարվել Ստեփանակերտի համար պարտադիր բնույթ և Արցախի իշխանություններն իրավասու են թույլ չտալ բրիտանացու մուտքը Արցախ: Նման ձևով Ստեփանակերտն արժանի պատասխան կտա Եվրոպային՝ հասկացնելով, որ թույլ չի տա փաստերի այդպիսի աղաղակող աղավաղմանը, քանզի խոսքը վերաբերվում է արցախահայության ճակատագրին:


Հայաստանն ու Արցախը, ինչպես նաև հայկական սփյուռքը, պետք է դատապարտեն այս բանաձև և օգտագործելով իրենց բոլոր հնարավորությունները՝ փորձեն «վիժեցնել» բրիտանացու առաքելությունը՝ բացատրելով, որը չի հանդուրժի նման երկակի քաղաքականությանը: Եթե հիմա մենք լռենք, հետագայում Բաքվի համար հեշտ կլինի հակահայ բանաձևեր ընդունել տալ տարբեր միջազգային ատյաններում, որը կարող է մեզ համար ունենալ տխուր հետևանքներ:

 

Սարգիս Լևոնյան

Նույն շարքից