Առողջապահություն 

Արդյո՞ք համակարգչային կախվածությունը հիվանդություն է

analitik.am
Վերջին տարիներին հոգեկան առողջության ոլորտի մասնագետները քննարկում են, թե արդյո՞ք համակարգչային կախվածությունը պետք է մտցնել հիվանդությունների միջազգային դասակարգման «Սովորությունների և հակումների խանգարումներ» բաժնի մեջ որպես առանձին հիվանդություն: Մասնագետներից ոմանք առաջարկում են համակարգչային կախվածությունը ներգրավել թմրամոլության, ծխախոտամոլության կամ նմանատիպ այլ հիվանդագին սովորությունների շարքում:
 

Հիվանդությունների միջազգային դասակարգման մեջ առանձնացված է «Սովորությունների և հակումների խանգարումներ» բաժինը, որտեղ ընդգրկված են վարքի այն խանգարումները, որոնց բնորոշ են չկշռադատված, ոչ խելամիտ, կրկնվող արարքները` առանց հասկանալի դրդապատճառի, և հակասում են թե´ հիվանդի, և թե´ այլ մարդկանց շահերին: Այդ բաժնի մեջ մտնում են`

 

  • մոլեխաղը,
  • հիվանդագին հրամոլությունը (պիրոմանիա),
  • գողության նկատմամբ հիվանդագին հակումը (կլեպտոմանիա),
  • տրիխոտիլոմանիան: (Խանգարում, որին բնորոշ է պարբերաբար մազերը պոկելու հակմանը դիմադրելու անկարողությունը: Մազերը պոկելուն սովորաբար նախորդում է աստիճանաբար աճող լարվածությունը, իսկ հետո` թեթևության, բավականության, հաճույքի զգացումը: Սովորաբար ժխտում են իրենց այդ վարքագիծը: Առավել հաճախ պոկում են թարթիչները, հոնքերի, երբեմն մորուքի, թևատակերի մազերը:)

 

Որպես կանոն, նման դեպքում վատ սովորություններ և հակումներ ունեցողները նշում են, որ իրենք ի վիճակի չեն վերահսկել իրավիճակը:

 

Գիտատեխնիկական առաջընթացը նպաստել է համակարգչային տեխնոլոգիաների զարգացմանը` տեղեկատվությունը դարձնելով մարդու կյանքի անբաժանելի մասը: Համացանցն այսօր ոչ միայն կապ և տեղեկատվություն է տրամադրում, այլև այնտեղ արծարծվում և բարձրացվում են սոցիալ-մշակութային բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը հաղորդում է դրանց նոր բովանդակություն:

 

Աշխարհի տարբեր երկրներում երեխաները հեռուստացույցի կամ համակարգչի (համացանցերի) առջև ծախսում են օրական միջին հաշվով 3-4, իսկ որոշ դեպքերում` 7-10 ժամ: Թե´ հեռուստատեսությունը, և թե´ համակարգիչները մեծ ազդեցություն են թողնում երեխայի զարգացման, վարքի ձևավորման և դրանք գնահատող արժեքային ցուցանիշների վրա: 

 

Մի շարք ուսումնասիրությունների համաձայն, համակարգչային խաղերն ունեն դրական ազդեցություն: 

 

Դրանք օգնում են հուզական լիցքաթափմանը, գրավոր խոսքը դառնում է ավելի ճկուն, զարգանում են հիշողությունը, տրամաբանությունը, ստեղծագործական մտածողությունը, բարելավվում է սենսոմոտորիկան (զգայաշարժական գործընթացների կոորդինացիա) և այլն:

 

Ցավոք սրտի, համակարգիչը և, հատկապես համացանցն աստիճանաբար մեկուսացնում են երեխաներին իրականությունից, տանում դեպի երևակայական` վիրտուալ աշխարհ: Երեխաները կարող են աստիճանաբար ընդունել համացանցային կամ երևակայական աշխարհը որպես առաջնային, և կենսական խնդիրների լուծումները փնտրել իրականությունից կտրված եղանակներով: Համակարգչային ՙիրականության՚ ղեկավարման վահանակը գտնվում է երեխայի ձեռքերում. նա կարող է ցանկացած պահի հանդես գալ ցանկալի կերպարի մեջ` դադարեցնելով կամ շարունակելով ապրել այդ աշխարհում: 

 

Ուսումնասիրությունները հաստատում են, որ համակարգչից չափից ավելի օգտվելը կարող է առաջացնել ագրեսիա, որն ավելի շատ նկատվում է հուզական, վարքային և ներքին մղման կառավարման խնդիրներ ունեցող երեխաների շրջանում: 

 

Կարևոր են համարվում հետևյալ հոգեսոցիալական գործոնները`

 

  • մինչև 15 տարեկանների ծնողների ամուսնալուծությունը, ծնողների կամ նրանցից մեկի կորուստը,
  • ծնողների անտարբերությունը, երեխայի ոչ ճիշտ դաստիարակությունը` անհետևողականություն, չափազանց խստություն և այլն, 
  • սթրեսային իրավիճակները:

 

Նույն հետազոտություններով պարզվել է, որ համակարգչային խաղերն ունեն բացասական ազդեցություն. տուժում են ֆիզիակական և հոգեկան առողջությունը, անձի բնականոն ձևավորումը, ուսման առաջադիմությունը, վարքը և այլն: Առանձնահատուկ ուշադրության է արժանի համակարգչից կախվածության հոգեբանական հարցը, որը հաճախ համեմատվում է հիվանդագին խաղամոլության հետ: Համակարգչային կախվածությունը անչափահասների շրջանում կարող է հանցավոր վարքի (արատավոր ցանկություններ, կասկածամտություն, ստախոսություն, հակամարտություն և այլն) դրսևորման պատճառ դառնալ, առաջացնել լքվածության, տագնապի զգացում: 

 

Դրանցից բացի, հոգեբանական նախադրյալների մեջ նշվում են ցածր ինքնագնահատականը, համակարգչային խաղի ընթացքում սեփական վարքը վերահսկելու անկարողությունը, որոշումների կայացման պատասխանատվությունը ուրիշների վրա թողնելը, կատարած սխալներն արդարացնող փաստարկների որոնումը: 

 

Ինչպես է ձևավորվում համակարգչային կախվածությունը

 

Մարդու ուղեղն ունի հաճույքի կենտրոններ, որոնց գործունեությունը թույլ է տալիս մոռանալ իրականության մասին: Համակարգչային կախվածությունն առաջանում է աստիճանաբար, հետագայում, երբ մարդուն երկու ժամով զրկում են համակարգչից, նա թմրամոլի կամ հարբեցողի նման ունենում է «ժուժկալության համախտանիշ»: 

 

Գոյություն ունեն համակարգչից հոգեբանական կախվածության հետևյալ ձևերը`

 

  • համացանցից կախվածություն. անձը ստեղծում է վիրտուալ ծանոթություններ և շփումներ, հաճախակի ստուգում էլեկտրոնային փոստը, այցելում երաժշտական ցանցեր և այլն, աստիճանաբար ավելացնելով ցանցում գտնվելու ժամանակը, որի հետևանքով վատնում է ավելի շատ գումար,
  • համակարգչային խաղերից կախվածություն: 

 

Ըստ խաղի բնույթի, կարելի է բաժանել դերային` իրականությունից առավելապես կտրված, ոչ դերային`նպատակին հասնելու, հաղթելու մոլուցք, հավաքելու համար առավելագույն միավորներ, համակարգչային խաղեր:

 

Համակարգչային խաղերից կախվածության հիմնական նշաններն են`

 

  • համակարգչով աշխատելու ընթացքում տրամադրության բարձրացում,
  • համակարգչից կամ խաղից կտրվելու անկարողություն, իսկ կտրվելու դեպքում` ագրեսիայի հասնող դյուրագրգիռ վիճակի առաջացում,
  • տնային գործերի անտեսում,
  • մարդկանց հետ շփվելիս առավելապես համակարգչի հետ կապված թեմաների քննարկում,
  • հրաժարում ընկերների հետ շփումից:

 

Համակարգչային կախվածության հետևանքով կարող է վտանգվել նաև երեխաների և պատանիների առողջությունը` օրգանիզմի դիմադրողականությունը նվազում է, առաջանում են տեսողության խանգարումներ, գլխացավեր, ողնաշարի, դաստակի ցավեր, հոգնածություն, անքնություն և այլն:

 

Համակարգչային կախվածություն ունեցող դեռահասների համար դժվարին կենսական իրավիճակների հաղթահարումը, որպես կանոն, ընթանում է առճակատմամբ, ընտանիքից, շրջապատից մեկուսանալով, խուսափողական տարաբնույթ բացատրություններով: 

 

Համակարգչային ուսուցումը պետք է ընդգրկել դեռահասների կրթության և դաստիարակության համակարգի մեջ, քանի որ համակարգչային կախվածությունը համարժեք է ալկոհոլամոլության, թմրամոլության և հեռուստատեսությունից կախվածության հետ: Այդ իսկ պատճառով գործածվում է համակարգչային մոլություն տերմինը:

 

Անկախ այն հանգամանքից, թե ինչ եզրակացության կհանգեն մասնագետները, ինչպես կանվանեն այս երևույթը` համակարգչային կախվածությու՞ն, որը կներգրավվի հոգեկան և վարքային խանգարումների դասակարգման մեջ, թե՞ որպես աշխույժ հետաքրքրություն կամ հոբբի:

 

Հոգեկան առողջության մասնագետները չեն համաձայնվում համակարգչային կախվածությունը մտցնել խանգարումների դասակարգման մեջ, քանի որ չկան հստակ սահմաններ չարաշահման և կախվածության միջև և երբեմն այն դիտվում է որպես դեպրեսիայի, ուշադրության պակասի, գերակտիվության հետևանք և այլն: Նշված դեպքերում անառողջ համակարգչային վարքագիծը երկրորդական է և եղած խնդրի կողմնակի հետևանքը: 

 

Ստորև առաջարկում ենք թեստ, որով կարող եք պարզել, ունե՞ք, արդյոք, համակարգչային կախվածություն, թե՞ ոչ:

 

Պատասխան` երբեք` 1, երբեմն` 2, հաճախ` 3, շատ հաճախ` 4 միավոր:

 

  1. Նստելով համակարգչի առջև կամ ցանցում գտնվելիս որքա՞ն հաճախ եք ակտիվանում, թեթևանում և բավականություն ստանում:
  2. Որքա՞ն հաճախ եք համակարգչի աշխատանքը ինքնուրույն դադարեցնում կամ ցանցից դուրս գալիս: 
  3. Որքա՞ն հաճախ եք նյարդայնանում, տխրում կամ դատարկություն զգում առանց համակարգչի կամ ցանցի: 
  4. Տրամադրության բարելավման կամ կյանքի դժվարություններից խուսափելու համար որքա՞ն հաճախ եք պահանջ զգում համակարգչի առջև վերադառնալու կամ ցանցում գտնվելու համար: 
  5. Համակարգչով աշխատելու կամ ցանցում գտնվելու պատճառով որքա՞ն հաճախ եք խուսափում ընտանեկան, հասարակական, աշխատանքային կամ ուսանելու պատասխանատվությունից: 
  6. Որքա՞ն հաճախ եք ստում, երբ հարցնում են համակարգչի առջև անցկացրած ժամանակի վերաբերյալ: 
  7. Որքա՞ն հաճախ եք ձեռքերի կամ դաստակների թմրածություն, գլխացավ, ողնաշարի ցավ, տեսողական խնդիրներ ունենում, կամ ժամանակը խնայելու նպատակով սնվում համակարգչի առջև նստած: 
  8. Որքա՞ն հաճախ է խանգարվում քնի ռեժիմը, քանի որ աշխատում եք համակարգչով կամ գտնվում ցանցում: 

 

Եթե հավաքել եք 0-14 միավոր` համակարգչային կախվածության վտանգ չկա, 15-20 միավոր` տարված եք համակարգչով, 21-26 միավոր` համակարգչային կախվածության վտանգը մեծ է, 27- 32 միավոր` առկա է համակարգչային կախվածություն:

Նույն շարքից