Միջազգային 

Ավստրալիայի խորհրդարանն ուժեղացված հսկողության տակ է առնվել հարձակման հնարավոր վտանգի պատճառով

analitik.am

Կանբերայում Ավստրալիայի խորհրդարանի շենքն արդեն վեց շաբաթ ուժեղացված հսկողության տակ է հնարավոր սպառնալիքի պատճառով, գրում է gazeta.ru-ն:

Նման հայտարարությամբ է հանդես եկել Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը:

 

«Այսօրվա դեպքը (հոկտեմբերի 22-ի- Tert.am) հաստատել է, որ ազատ երկրների և ինստիտուտների համար վտանգը բավականին իրական է»,- հայտարարել է նա:

 

Նրա խոսքով՝ ավստրալական խորհրդարանի անվտանգությունն ուժեղացվել է վեց շաբաթ առաջ:

«Մենք կարծում ենք, որ լավ պատրաստված ենք այդ շենքի դեմ ուղղված ցանկացած թշնամական գործողություններին արձագանքելու համար: Ցանկանում եմ վստահեցնել Ավստրալիայի բոլոր քաղաքացիներին, որ կառավարությունը կանի հնարավորինս ամեն ինչ երկրում անվտանգությունը պահպանելու համար»,- ընդգծել է Էբոթը:

 

Նա հայտնել է, որ տեղական ժամանակով 14:00-ին հայտարարություն կանի խորհրդարանի առաջ:

 

Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, Օտտավայում հոկտեմբերի 22-ին զինված անձը տասնյակ կրակոցներ է արձակել Կանադայի խորհրդարանի սրահներում` Ազգային զինվորական հուշարձանի մոտ պահակություն անող զինվորի վրա կրակելուց հետո: Հարձակումն իրականացվել է «Իսլամական պետության» հնչեցրած հայտարարությունների պատճառով ահաբեկչական վտանգի աստիճանը բարձրացնելուց հետո: Նախնական տվյալներով՝ հարձակվողը եղել է ծնունդով Քվեբեկից, իսլամ ընդունած Միշել Զիհաֆ-Բիբոն:

Նույն շարքից