Առողջապահություն 

Առողջապահության նախարարության արձագանքը ՎՊ զեկույցին

analitik.am

Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի 2014 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» թիվ 12/1 որոշման վերաբերյալ:


1. Անվճար բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց մատուցված ծառայություններում արձանագրված խախտումների վերաբերյալ. Համաձայն ՀՀ վերահսկիչ պալատի կողմից 24.03.2014թ. N 9/1 որոշմամբ հաստատված «ՀՀ առողջապահության նախարարության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվության» (այսուհետ` Հաշվետվություն) 1-ին կետի, «Ընտանեկան նպաստ» համակարգում ընդգրկված և ՀՀ ԱՆ Պետական առողջապահական գործակալության 2012թ. պետական պատվերի շրջանակներում անվճար բժշկական օգնությունից և սպասարկումից օգտված անձանց վերաբերյալ տեղեկատվական բազաների համադրման, բժշկական հաստատություններում և սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային գրասենյակներից  (այսուհետ` ՍԾՏԳ) ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ արձանագրվել է խախտման 72 դեպք` 25,039.8 հազ. դրամ գումարով»: Հաշվետվության մեջ թվարկվում են այն կենտրոնները, որտեղ հայտնաբերվել են նշված խախտումները: Նշվում է նաև, որ «36.00 և ավելի միավոր ունեցող անձանց պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծրագրերի իրականացման գործում հայտնաբերված խախտումները վկայում են ծրագրի շրջանակներում գործող տարբեր շահագրգիռ պետական մարմինների փոխգործակցության բացակայության մասին, որի արդյունքում միայն ընտրանքով ընդգրկված 6 բժշկական հաստատությունների կողմից  25,039.8 հազ. դրամի պետական բյուջեի միջոցները օգտագործվել են ոչ նպատակային: Ավելին, ծրագիրը պարունակում է ռիսկեր` կապված ՍԾՏԳ-ների կողմից տեղեկանքների տրամադրման գործառույթների իրականացման հետ»:  


Առողջապահության նախարարության համար ընդունելի չեն արված ձևակերպումները, քանի որ դրանց համաձայն «բժշկական հաստատությունների կողմից 25,039.8 հազ. դրամի պետական բյուջեի միջոցներն օգտագործվել են ոչ նպատակային»: Մինչդեռ Վերահսկիչ պալատի կողմից արձանագրված սույն խախտումները և դրանց հետևանքով անարդյունավետ և ոչ նպատակային ծախսերը պայմանավորված են ոչ թե առողջապահության նախարարության աշխատակազմի կամ համակարգի բուժհաստատությունների թերացմամբ, այլ անվճար բուժօգնության իրավունքը հավաստող փաստաթղթերը լրացնող սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային մարմինների թերի աշխատանքով: Բժշկական հաստատություններն անվճար բուժօգնության իրավունքը հաստատող փաստաթղթեր են ստանում ոչ միայն սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային մարմինների, այլև պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ոստիկանության և պետական այլ մարմինների կողմից և մինչև էլեկտրոնային առողջապահության ներդրումը, գործնականում, հնարավոր չէ վերահսկել ստացվող բոլոր փաստաթղթերի իսկությունը: ՀՀ վարչապետի մոտ ՀՀ վերահսկիչ պալատի ներկայացուցիչների հետ կայացած քննարկման արդյունքում որոշվել է մինչև էլեկտրոնային առողջապահական տեղեկատվական համակարգի ներդրումը ՀՀ առողջապահության նախարարությանը հնարավորություն ընձեռել էլեկտրոնային եղանակով ծանոթանալ «Ընտանեկան նպաստ» ծրագրի շահառուների ցանկին, սակայն դա խնդրին մասնակի լուծում կտա:


ԱՆ արձագանքին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ

Նույն շարքից