Հիշում եմ և պահանջում 

Աշխարհի ցեղասպանագետները 2015-ի հուլիսին կհավաքվեն Երևանում

analitik.am

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը 2015 թվականի հուլիսի 8-12-ը կհյուրընկալելի Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության (ՑՄԸ) 12-րդ համաժողովը, որի խորագիրն է «20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն»: Հեղինակավոր այս համաժողովի անցկացումը Երևանում աննախադեպ է լինելու թե՛ մասնակիցների քանակի, թե՛ ակադեմիական բարձր վարկանիշի և, իհարկե, Մեծ Եղեռնի հարյուրերորդ տարելիցի տեսանկյունից: Համաժողովին իրենց մասնակցությունն են բերելու ցեղասպանագիտության և հարակից ոլորտների հարյուրավոր լավագույն մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից: 

2015թ. հուլիսին անցկացվելիք համաժողովը նվիրվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի և Հոլոքոստի 70-րդ տարելիցներին: «Այս համաժողովի անցկացումը բացառիկ իրադարձություն է լինելու հայագիտության և, ի մասնավորի, Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում: Հայաստան են ժամանելու հարյուրավոր հեղինակավոր գիտնականներ և երիտասարդ մասնագետներ, որոնց մասնակցությունը Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության տասներկուերորդ համաժողովին լավ առիթ է հանդիսանալու Հայոց ցեղասպանության և դրա հետևանքների մասին ավելի խորքային պատկերացումներ ունենալու և, ինչու չէ, Հայաստանին և մեր մշակույթին մոտիկից ծանոթանալու համար»,-նշել է համաժողովի կազմկոմիտեի տեղական հանձնաժողովի նախագահ Հայկ Դեմոյանը: 

1997թ. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ 2010թ. ստացել ՀՀ Նախագահի` Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար շնորհվող մրցանակ: Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը (International Association of Genocide Scholars) ցեղասպանությունները և մարդկության դեմ կատարված հանցագործություններն ուսումնասիրող գիտնականների առաջատար և խոշորագույն միավորումն է: Այն ստեղծվել է 1994թ. հայտնի ցեղասպանագետներ Իսրայել Չառնիի (Israel Charny), Հելեն Ֆայնի (Helen Fein), Ռոբերտ Մելսոնի (Robert Melson) և Ռոջեր Սմիթի (Roger Smith) կողմից և այսօր միավորում է ավելի քան 500 գիտնականի աշխարհի տարբեր երկրներից: Ընկերակցության նպատակն է հետազոտել և ուսուցանել աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունների պատճառները` կանխարգելելու համար ցեղասպանությունների կրկնումն ապագայում: Հայոց ցեղասպանությունը մշտապես գտնվում է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության անդամների ուսումնասիրության կենտրոնում: 

 

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ընդունում են 20-րդ դարի ցեղասպանությունների և ցեղասպանական բռնությունների թեմաներով հայտեր, մասնավորապես զեկույցներ: Զեկույցները պետք է վերաբերեն «Ցեղասպանություն» - հին հանցագործության նոր սահմանում, ՄԱԿ-ի կոնվենցիայի հայեցակարգային հեռավորություններ. նոր մոտեցումներ, Հայոց ցեղասպանությունը. ձևանմուշ հետագա ցեղասպանական հանցագործությունների համար, Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների և եզիդիների ցեղասպանությունը, Ցեղասպանության համեմատական հետազոտություն. Հոլոքոստ, ցեղասպանություններ Ռուանդայում, Բոսնիայում, Կամբոջայում, Դարֆուրում, Ինդոնեզիայում, Բանգլադեշում և Լատինական Ամերիկայում, Ցեղասպանական գործընթացը. վաղ ահազանգման նշաններ, կանխատեսում և կանխարգելում, Ցեղասպանության դինամիկան, պատճառները և հետևանքները, Պատժել ցեղասպանական հանցագործությունները. փոխհատուցման հարցը և միջազգային արդարության սահմանափակ կարողությունը, Ցեղասպանություն, հավաքական հիշողություն, պատմողական և հասարակական ոգեկոչում, Ցեղասպանությունը կրթությունը որպես քայլ դեպի կանխարգելում, Ցեղասպանության ժխտումը, Նոր ուղղություններ ցեղասպանության հետազոտության մեջ. առաջընթաց, խնդիրներ և նոր հետազոտությունների հնարավորություններ հարցերին:


Գիտաժողովը կսկսվի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նորաստեղծ ցուցադրության այցելությամբ: Գիտաժողովի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան իրենց նախընտրությամբ մեկ օր տրամադրել շրջագայության դեպի Գյումրի, որտեղ Հայոց ցեղասպանությունից հետո Ամերիկյան նպաստամատույցի կողմից հիմնվել է աշխարհի խոշորագույն որբանոցը, ինչպես նաև այցելել Մուսա լեռան ինքնապաշտպանության հուշարձանը Երևանի մոտակայքում: 

 

Գիտաժողովին ներկա կարող են գտնվել բոլոր հետաքրքրվող մասնագետներն ու ուսանողները:

Նույն շարքից