Հայաստան 

Անկախության արշավ Ժիրայր Սեֆիլյանի հետ

analitik.am

2014թ.-ի սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ մեկօրյա քայլարշավ` Պարզ լճից դեպի Գոշավանք, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի առաջնորդությամբ: Քայլարշավը նվիրված էր Հայաստանի Հանրապետության (Արցախը՝ ներառյալ) իրական անկախությանը, որը դեռ պետք է նվաճենք:

 

Արշավի ընթացքում կայացած «Դեպի իրական անկախություն» խորագիրը կրող ինտերակտիվ զրույցի ժամանակ մասնակիցները հնարավորություն ունեցան  Ժիրայր Սեֆիլյանի, ԱՍԱԼԱ-ի գաղափարական թևի նախկին պատասխանատու, Նախախորհրդարանի քարտուղարության և Արդարության ատյանի անդամ Ալեք Ենիգոմշյանի, բնապահպան, Նախախորհրդարանի անդամ Եղիա Ներսեսյանի, ինչպես նաև ակտիվ պայքարի մեջ գտնվող մի խումբ երիտասարդների հետ քննարկելու Հայաստանին սպառնացող մարտահրավերները և դրանք հաղթահարելու ուղիները, այդ թվում՝ մեր երկրի իրական անկախացման հեռանկարը:

 

Արշավի վերջում մասնակիցները հայրենի բնության գեղատեսիլ վայրերից ստացած էներգիան և ամբողջ օրվա ստացած տպավորություններն ու զգացածը միմյանց հետ կիսեցին երգի միջոցով՝ կատարելով «Սարդարապատ» երգը:

 

Սա արդեն երկրորդ արշավն է, որի ընթացքում մեծաթիվ մասնակիցները ցուցաբերում են կազմակերպվածություն և համախմբվածություն՝ միասին հաղթահարելով արշավային խոչընդոտները և կիսելով գաղափարական զրույց, որի առանցքը Հայաստանի ներկա ախտերի բուժումն ու առողջ ապագայի կառուցումն է:

 

Նախախորհրդարանը հայրենիքի առջև իրենց պատասխանատվությունը գիտակցող բոլոր ուժերին և անձանց կոչ է անում միավորվել հանուն իրական անկախության գաղափարի իրագործման: Հանցավոր ռեժիմին հեռացնելու համար արդեն իսկ սահմանված է վերջնաժամկետ՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Իսկ ռեժիմի հեռացումից հետո պետք է ձեռնամուխ լինել հզոր և մրցունակ ազգային պետության կառուցման գործին:

Նույն շարքից