Հիշում եմ և պահանջում 

Անգելա Մերկելն ապրիլի 24-ին Երևան չի ժամանի․ թուրքական լրատվական գործակալություն

analitik.am

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ապրիլի 24-ին Երևան չի այցելի: Այս մասին նշում է թուրքական «Ջիհան» լրատվական գործակալությունը:



Միևնույն ժամանակ, Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու համար ապրիլի 24-ին Գերմանիան Երևան է ուղարկելու Եվրամիության հարցերով նախարար Միխեիլ Ռոթին:



Ըստ թուրքական աղբյուրի՝ այս մասին հայտարարել է Ռոթը, ով նշել է, թե «ինքն է ներկայացնելու դաշնային կառավարությունը Երևանում կազմակերպվելիք Հայերի բռնագաղթի և սպանությունների հիշատակի միջոցառումներին»:



Թուրքական աղբյուրը շեշտում է, որ Ռոթը  հայտարարության ժամանակ չի կիրառել «ցեղասպանություն» եզրը:



Հավելենք, որ Գերմանիայի խորհրդարանը 2005 թվականին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշում: Բունդեսթագի որոշման մեջ, սակայն, չի օգտագործվել «Հայոց ցեղասպանություն» եզրը, այլ նշվել է «հայերի կոտորածներ»:



Ավելի վաղ Գերմանիայի ընդդիմադիր «Ձախ» կուսակցության՝ Դաշնային խորհրդարանի խմբակցությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ առաջարկ է պատրաստել և ներկայացրել Բունդեսթագ: «Մեր օրերում Հայաստանի հետ Գերմանիայի հարաբերությունների և հայերի ու ասորիների ցեղասպանության հիշատակման» վերաբերյալ առաջարկը ստորագրել են Ձախ կուսակցությունից մի խումբ պատգամավորներ՝ խմբակցության ղեկավար Գրեգոր Գիզիի գլխավորությամբ:



Առաջարկում նշված է, թե «1.5 մլն հայերի մահվան պատճառ դարձած իրադարձություններում դերակատարում է ունեցել նաև Կայսերական Գերմանիան, դերակատարում են ունեցել նաև 800 գերմանացի սպաները և 25.000 գերմանացի զինվորները»: Առաջարկի մեջ ընդդիմադիր կուսակցությունը հարց է բարձրացրել, թե Գերմանիայի ղեկավարությունից ո՞վ է մասնակցելու Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին և արդյո՞ք ընդհանրապես Գերմանիան մասնակցություն է ունենալու:

Նույն շարքից