Առողջապահություն 

Այսօր բժշկի մասնագիտությունը դարձել է ամենաանպաշտպանը և հեշտ խոցելին. բժիշկ-ուռուցքաբան

analitik.am

Բժշկությունը շատ հեռու է մաթեմատիկայից, երբ  կանոնը կամ բանաձևը հնարավորություն է տալիս առանց նույնիսկ 1% շեղման լուծելու մաթեմատիկական խնդիրներն ու վարժությունները: Բժշկությունը բարդ գիտություն է, և հիվանդության ու բուժման ընթացքը ոչ միշտ է ավարտվում հիվանդի բուժմամբ:


Հիվանդի հարականջային թքագեղձի ուռուցքային գոյացության չարորակ բնույթը նախնական ախտորոշիչ հետազոտությամբ  պարզել հնարավոր չի եղել և պլանային կարգով պլանավորվել է հիվանդի վիրահատությունը, սակայն վիրահատության ժամանակ ուռուցքի կասկածելի տեսքը ստիպել են բժշկուհուն ինցիզիոն բիոպսիա կատարել, որն էլ ցույց է տվել ուռուցքի չարորակ լինելը:


Մամուլում վերջին ժամանակներս ամենատարբեր անվանումներով շահարկվող այս դեպքի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար Analitik.am-ը զրուցեց բժիշկ-ուռուցքաբան Բժշկական Ազատ-Անկախ Արհմիության անդամ Դավիթ Զոհրաբյանի հետ:


-Մամուլում շատ տարբեր ու իրարամերժ հոդվածներ կան: Շատ կարճ դեպքը կնկարագրե՞ք:


-Չեմ ուզում  շատ մանրանալ դեպքի մեջ, այլ ուզում եմ խոսել ընդհանուր բաների մասին. մտացածին կարծիք կա,  որ եթե մարդ բժշկի մոտ է գնում,  ապա  բուժումը 100%-ով արդյունավետ  պետք է լինի, որևէ բարդություն՝ որպես հիվանդության և բուժման ընթացք, չպետք է չլինի, բայց նման բան չկա նույնիսկ աշխարհի ամենազարգացած երկրներում, բարդությունների որոշակի %, բուժման  ոչ ստանդարտ ընթացք միշտ էլ հնարավոր է լինի: Իսկ կոնկրետ այս դեպքում բժշկուհին միջազգային ստանդարտներին համապատասխան իրականացրել է հետազոտությունները՝ սոնոգրաֆիկ հետազոտություն, ըստ դրա պունկցիոն բիոպսիա, որի հիման վրա էլ մեկ այլ մասնագետ՝ մորֆոլոգ, կատարել է բջջաբանական անալիզ, որն էլ պարզում է գոյացության բնույթը, որի հիման վրա բժշկուհիմ որոշել է բուժման հետագա ընթացքը: Այս դեպքում հետազոտությունը չարորակ որևէ փոփոխություն ցույց չի տվել, կեղծ բացասական տվյալ է ստացվել, որը նման հիվանդությունների դեպքում  կարող է լինել, այսինքն բջջաբանական հետազոտության ժամանակ կեղծ դրական կամ կեղծ բացասական տվյալ ստանալու հնարավորությունը բացառված չի և դա պարտադիր չէ լինի բժշկի սխալը: Բջջաբանական հետազոտության արդյունքների հիման վրա բժշկուհին պլանավորել է վիրահատությունը, սակայն վիրահատության ժամանակ գոյացության կասկածելի տեսքը,  բժշկուհուն ստիպել է  սահմանափակվել միայն ինցիզիոն բիոպսիայով, որի ժամանակ  ուռուցքային գոյացությունից կտոր են հեռացնում՝ հետագա հյուսվածաբանական քննություն կատարելու նպատակով: Այն արվել է և ցույց է տվել, որ ուռուցքը շատ ավելի բարդ է, ոչ բարորակ:


-Ի՞նչ եք կարծում, հնարավոր էր ի սկզբանե ախտորոշել չարորակ գոյացությունը, որը չի արվել:


-Չարորակ գոյացությունը ախտորոշվում է բջջաբանական և/կամ հիստոլոգիական հետազոտության միջոցով: Բժշկուհու կողմից սխալ կլիներ  այդ հետազոտությունները չանելը: Այն արվել է և ի վերջո ախտորոշվել:


-Կան նաև կարծիքներ, որ եթե բժշկուհին սխալ չունենար, չէր դիմի գերմանացի գործընկերոջ խորհրդատվությանը: Ինչպե՞ս Դուք կպարզաբանեք սա:


- Խորհրդատվության համար բժշկուհին չի դիմել: Ընդհանրապես յուրաքանչյուր հեռացված նյութ՝ բարորակ թե չարորակ, ուղարկվում է հիստոլոգիական հետազոտության, որն անում է ինչպես արդեն նշեցի մորֆոլոգը /ցիտոլոգ, հիստոլոգ/: Տվյալ դեպքում այն արվել է, սակայն երբեմն միայն այդ հետազոտությամբ հնարավոր չի լինում պարզել թե ինչ տարատեսակի չարորակ ուռուցք է: Մորֆոլոգի կողմից /ոչ բժշկուհու/ կատարվել է դիֆֆերենցիալ իմունոհիստոքիմիական հետազոտություն, որից հետո չարորակ ուռուցքի կոնկրետ տեսակը որոշելու համար նա դիմել է գերմանացի իր գործընկերոջը, նրա բավականին բարձր պրոֆեսիոնալ կարծիքը լսելու համար: Մենք ինքներս երբեմն առանց որևէ վարձատրության խորհրդակցում ենք մեր արևմտյան կոլեգաների հետ, իսկ դա չի խոսում այն մասին, թե մենք սխալ ենք, դրա համար ենք դիմում, այլ պրոֆեսիոնալ մոտեցման մասին է վկայում, որն արվում է ի շահ հիվանդի, որի համար հիվանդը միայն ու միայն պետք է ուրախ լինի:


-Դեպքի վերաբերյալ պարզաբանմամբ հանդես եկավ նաև Բժշկական Ազատ- Անկախ Արհմիությունը: Մի փոքր կարող եք ներկայացնել ի՞նչ է իրենից ներայացնում այն և ի՞նչ գործառույթներ է իրականացնում:


-Բժշկական Ազատ-Անկախ Արհմիությունը ստեղծվել է մոտավորապես 2 տարի առաջ՝ ֆեյսբուքյան խմբի տեսքով: Անհրաժեշտությունը պայմանավորված էր առողջապահության և առավելապես բժիշկների նկատմամբ աճող անվստահությամբ, առողջապահության ոլորտում առկա խնդիրներով: Այսօր բժշկի մասնագիտությունը դարձել է ամենաանպաշտպանը և հեշտ խոցելին, որը շատ է շահարկվում լրատվամիջոցների կողմից: Մամուլում երբեմն հայտնվում են նյութեր, որոնց շատ փոքր %-ն է համապատասխանում ճշմարտությանը: Հենց այդ բացասական երևութների դեմ պայքարելու և նաև առողջապահության ոլորտում տեղ գտած մի շարք խնդիրների լուծման նպատակով  ստեղծվեց Բժշկական Ազատ-Անկախ Արհմիությունը:


- Ի՞նչ արդյունքների եք հասել մինչև այսօր:


- Չի կարելի ասել, որ գլոբալ փոփոխությունների ենք հասել, բայց առողջապահության կազմակերպման մեջ Բժշկական Ազատ-Անկախ Արհմիությունը իր  ուրույն տեղն ունի: Մշտապես մասնակցում ենք ոլորտային տարբեր քննարկումների, փորձում ենք մեր պարզաբանումներով հասարակությանը զերծ պահել դեպքերի վերաբերյալ սխալ տեղեկատվությունից:


-Կա՞ ինչ-որ բան, որ կուզենաք ավելացնել:


- Որպես եզրակացություն ուղղակի ուզում եմ ասել, որ միշտ երբ հիվանդության բուժումը ոչ ցանկալի ընթացք է ունենում, հիվանդը կամ հարազատները՝ որպես հոգեբանական պաշտպանություն, մեղավորներ են փնտրում: Նման դեպքերում մեղավորներ պետք  չի փնտրել. հիվանդը մեղավոր չի, որ ինքը հիվանդ է, բայց բժիշկն էլ մեղավոր չի, որ հիվանդ հիվանդ է:


Նաև չեմ կարողանում հասկանալ մամուլի այն շահարկումները, որ հայաստանյան բժիշկներս չպետք է մոռանանք, որ ամերիկացի  և եվրոպացի բժիշկները իրենց հիվանդների ընկերներն են ու բարեկամը՝ ի տարբերություն Հայաստանի բժիշկների... Փաստորեն ի՞նչ է ստացվում՝ մենք մեր հիվանդի թշնամի՞ն ենք... կարծում եմ դա ուղղակի անհեթեթություն է:

Նույն շարքից