Վերլուծական Տնտեսություն 

Այսպես որ գնա` Ավետիք Իսահակյանին կփոխարինի Էնդրյու Ջեքսոնը

analitik.am

Վերջին ամիսներին հայկական դրամի աննախադեպ արժեզրկումը, իսկ ավելի ճիշտ գահավիժումը, պատճառ դարձավ գների ահագնացող աճին: Այս դառը իրականությունը հանդիսացավ մեր բազմաչարչար ազգաբնակչության ամանորյա տհաճ անակնկալը: Տոն օրերին ժողովուրդը փոխանակ գոտիները թուլացնի , ստիպված է լինելու այն ավելի ամուր ձգել: Ներկայումս Հայաստանում գնային քաղաքականությունը հիմնականում ձևավորվում է դոլար-դրամ փոխանակման կուրսի հիման վրա, ինչքան մեծանում է դոլարի կուրսն՝ այնքան ավելանում են ապրանքների գները և կարևոր չէ, թե այդ ապրանքն ներկրված է, թե արտադրվում է տեղում: Հայաստանի ֆինանսատնտեսական ոլորտը գտնվում է քաոսային ու խառնաշփոթ իրավիճակում, միակ կայուն բանը դա ազգաբնակչության ցածր աշխատավարձերն են և նպաստները, որի հետևանքով ՀՀ հասարակ քաղաքացիներն էլ ավելի են աղքատանում:


Նման ստեղծված կացությունում ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին, իսկ կառավարությունը մատնացույց է անում նավթի գների անկման և պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանում առաջացած ծանր ֆինանսատնտեսական դրությունը: Ինչևէ այս հոդվածում մտադրություն չունենք գտնել մեղավոր կողմին և ստեղծված ճգնաժամի պատճառները, սակայն, պետք է նշենք, որ ստեղծված իրավիճակի արդյունքում ազգաբնակչությունը կորցնում է դրամի հանդեպ իր վստահությունը: Ժողովրդի մի զգալի հատվածը ձգտում է ամեն կերպ ձերբազատվել արժեզրկված հայկական դրամից, ինչքան էլ այդ քայլը չվնասի վերջիններիս:



Նման ֆինանսական կացությունը կարող է իր ազդեցությունը թողնել առաջիկա նախընտրական գործընթացների վրա: Յուրաքանչյուր համապետական ընտրությունից հետո, իշխանությունները բարձրաձայն հայտարարում են, որ ժողովուրդը վստահում է իրենց ու աջակցում կառավարության որդեգրած քաղաքականությանը, ինչի արդյունքում էլ հասել են հերթական հաղթանակի: Իր հերթին ընդդիմությունը հակադարձում է, որ ընտրություններում իրական հաղթողներն իրենք են, իսկ իշխանությունները զբաղված են նկարչությամբ ու համատարած ընտրակեղծիքներով: Սակայն, իրականում ընտրություններում հաղթում է Ավետիք Իսահակյանը՝ ինքը տաս հազար դրամը, որի վրա պատկերված է հայ գրականության մեծագույն վարպետը: Դեռ ավելին ընտրության օրվա վերջին ժամերին գործը հասնում է մեր մյուս հայտնի մտավորական՝ համաշխարհային մեծության գեղանկարիչ Մարտիրոս Սարյանին: Բայց դա լինում է հազվադեպ և հիմնականում ընտրական գործընթացներին գործուն մասնակցություն է ունենում տաս հազար դրամը: Ներկայումս հայրենի ֆինանսական շուկայում դեպքերի նման զարգացման ընթացքը ժողովրդին ստիպելու է հրաժարվել ընտրակաշառք վերցնել հայկական դրամով՝ գերապատվությունը տալով նորին մեծության ամերիկյան դոլարին:


Մի կողմից, իհարկե, վատ է, որ ազգաբնակչությունը մասնակցում է համապետական կաշառքին, մյուս կողմից, եթե ընտրակաշառքը հայկական դրամից փոխարինվի ամերիկյան դոլարով, քանի որ ժողովուրդը վստահում է միայն այս արժույթին, ապա երկրում կնվազի դոլարի դեֆիցիտը կամ խուճապի պատճառով առաջացած դոլարի դեֆիցիտի պատրանքը, որովհետև շուկա կներմուծվի դոլարի հսկայական զանգված և կթուլացնի վերջինիս դիրքերը ֆինանսական շուկայում: Բայց այստեղ հարց է ծագում ինչպիսին կլինի ընտրակաշառքի չափը: Անհավանական է, որ գործը հասնի ամերիկյան ազգի գլխավոր հայրերից մեկի՝ գիտնական ու լուսավորիչ Բենջամին Ֆրանկլինին, որին ամբողջ աշխարհում այդքան շատ են սիրում: Մեր հասարակությունը կբավարարվի ԱՄՆ-ի 7-րդ նախագահ Էնդրյու Ջեքսոնով, որը պատկերված է 20 դոլարանոց թղթադրամի վրա: Եվ սա նաև խորհրդանշական կլինի, վերջինս 1830թ. ստորագրեց այդպիսով օրինականացրեց հնդկացիների արտաքսման վերաբերյալ օրինագիծը: Այս օրենքից հետո մեծ թափ ստացավ այսպես կոչված հինգ քաղաքակիրթ հնդկացիական ցեղերի արտաքսումն իրենց բնօրրաներից: Ինչքանո՞վ է այդ դեպքը առնչվում մեզ հետ, շատ պարզ է, մեր ժողովուրդը վատ սովորություն ունի, նա ընտրություններիս հետո տարերայնորեն արտագաղթում է երկրից:


Եթե Էնդրյու Ջեքսոնի որոշմամբ հնդկացիների արտաքսումը պարտադիր բնույթ էր կրում, ապա մեզ մոտ այն լինելու է կամավոր: Այսպիսով, ֆինանասական վատթար իրավիճակը Հայաստանում կարող է ուղղակիորեն ազդել ընտրական գործընթացների վրա և հաղթանակ բերել այն ուժին, ով կուտակած կլինի ամերիկյան արժույթ:



Սարգիս Լևոնյան

Նույն շարքից