Միջազգային 

ԱՄՆ-ում հանրապետական և դեմոկրատ կոնգրեսմենները իշխանություններին կոչ են անում զենքով օգնել Ուկրաինային

analitik.am

ԱՄՆ-ում հանրապետական եւ դեմոկրատ ազդեցիկ կոնգրեսմենները իշխանություններին կոչ են անում զենքով օգնել Ուկրաինային` «ռուսական ներխուժմանը» դիմակայելու համար: «Ռոսբալտը», վկայակոչելով  BBC-ն, հայտնում է, որ  նման առաջարկով Սենատում հանդես է եկել Դեմոկրատական կուսակցության առաջնորդներից Ռոբերտ Մենենդեսը` ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարը:  

Մենենդեսը հայտարարել է, որ Ուկրաինայում իրադարձություններն այլեւս «զինված անջատականների ելույթներ չեն», այլ «Ռուսաստանի ուղղակի ներխուժում»: Ըստ Մենենդեսի` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է բախվի իր  «ագրեսիայի» հետեւանքներին:

Ուկրաինային զենք տրամադրելու անհրաժեշտության մասին հայտարարել է հանրապետական Ջոն Մաքքեյնը, որն ԱՄՆ իշխանություններին կոչ է արել ուկրաինացիներին ապահովել «զենքով եւ պայքարի համար ամեն ինչով» : Մաքքեյնը նաեւ հավելել է, որ Ռուսաստանի դեմ անհրաժեշտ է «լուրջ պատժամիջոցներ» կիրառել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բազմիցս հայտարարել էր, որ  ԱՄՆ-ն չի դիտարկում ուղղակի միջամտություն Ուկրաինայի հիմնախնդրին եւ չի պատրաստվում այնտեղ զենք եւ զինվորականներ ուղարկել: Միեւնույն ժամանակ, Վաշինգթոնը  աջակցել է ԵՄ երկրների առաջնորդներին, որոնք պատրաստ են նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ` Ուկրաինայի ճգնաժամի սրացման պատճառով:

Նույն շարքից