Հարցազրույց Տնտեսություն 

ԱՄՆ-ն փորձում է Չինաստանին, Հարավային Կորեային և Սինգապուրին էլ ներքաշել հակառուսական կոալիցիայի մեջ

analitik.am

ԱՄՆ-ն փորձում է Չինաստանին, Հարավային Կորեային և Սինգապուրին էլ ստիպել մասնակից դառնալ հակառուսական պատժամիջոցներին: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ հղում տալով ԱՄՆ պետդեպարտամենտի համակարգող Դենիել Ֆրիդի հարցազրույցին:


 

Հարցին, թե բացի ԱՄՆ-ից և նրա մտերիմ դաշնակիցներից՝ մասնավորապես ԵՄ-ից, ուրիշ որ երկրներն են պատրաստ ՌԴ նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, ԱՄՆ դիվանագետն ասել է՝ Նորվեգիան և Շվեյցարիան և նշել է. «Մենք բանակցում ենք Հարավային Կորեայի և Սինգապուրի հետ, մենք խորհրդակցություն ենք ունեցել Չինաստանի հետ, և  շարունակելու ենք այդ խորհրդակցությունները»:

 


Ֆրիդը դժվարացել է պատասխանել այն հարցին, թե ինչ վնաս կտան պատժամիջոցները Ռուսաստանին, սակայն կարծիք է հայտնել, որ ուղղակի ազդեցությունը զգալի կլինի, իսկ անուղղակին՝ առավել ևս:

 


Եթե ԱՄՆ-ին հաջողվի ներքաշել Չինաստանին  պատժամիջոցների կիրառման գործընթացի մեջ, ապա Ռուսաստանի համար իրապես դժվար կլինի: Հիշեցնենք, որ ՌԴ-ն վերջերս է պայմանավորվել Չինաստանի հետ առևտրային գործարքներում դոլարի դուրս մղման հարցի շուրջ՝ նախագիծը պատրաստել են ռուսական ԿԲ-ն և Չինաստանի Ազգային բանկը: Ավելի շուտ՝ մայիսին, Չինաստանը և ՌԴ-ն ստորագրել էին գազային համաձայնագիր, որի արժեքը կազմում է մոտ 400 մլրդ դոլար:  

 


Ընդհանուր առմամբ, Չինաստանը ՌԴ խոշոր գործընկերն է՝ 2013-ին երկկողմանի առևտրաշրջանառությունը կազմել է  90 մլրդ դոլար:  ԱՄՆ պատժամիջոցների կիրառումից հետո Չինաստանը ՌԴ-ի համար դարձավ ռազմավարական գործընկեր:

 


Արդյոք ԱՄՆ-ին կհաջողվի համոզել Չինաստանին, Սինգապուրին և Հարավային Կորեային մասնակցել ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցներին. Այս մասին ռուսական մամուլին հարցազրույց է տվել Ազգերի բարեկամության Ռուսական  համալսարանի Չինաստանի ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, արևելագիտության ամբիոնի վարիչ Ալեքսեյ Մասլովը:

 


Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱՄՆ-ն Չինաստանի վրա:

 

-Ամերիկան Չինաստանի համար առաջին առևտրային գործընկերն է: Խոսքը ոչ միայն առևտրաշրջանառության մասին է, այլ նաև ներդրումների, չինական ընկերությունների  կողմից ԱՄՆ տարածքում ձեռք բերվող ակտիվների: Վերջին կետը Չինաստանի համար այսօր շատ ավելի կարևոր է, քան առևտուրը, ուստի Վաշինգտոնը կարող է ուղղակի ճնշում գործադրել Պեկինի վրա՝ սահմանափակելով չինական ընկերությունների գործունեությունն ամերիկյան շուկայում:

 


Հաջորդ արդյունավետ ճնշման մեթոդը չինական ապրանքների դեմ կիրառվող հակադեպինգային պատժամիջոցները կարող են լինել, ինչը էապես կնվազեցնի չինական ընկերությունների եկամուտը:

 


ԱՄՆ-ն չինացիների համար կարող է սահմանափակել նորագույն տեխնոլոգիաների հասանելիությունը: ԱՄՆ-ն կարող է նաև ազդեցություն ունենալ Արևելյան և Հարավ-Արևելյան Ասիայի վրա՝ սկսելով լուրջ հակաչինական խաղ, ինչով պառակտում կառաջացնի Չինաստանի և  Հարավային Կորեայի, Ճապոնիայի, ինչպես նաև Հարավ-Արևելյան Ասիայի պետությունների Ասոցիացիայի երկրների միջև:  

 


Իսկ ի՞նչ առավելություններ կտա ԱՄՆ-ն Չինաստանին, եթե վերջինս համաձայնի մասկացել ՌԴ դեմ կիրառվող  պատժամիջոցների գործընթացին:

 


– Այդ դեպքում ԱՄՆ-ն կարող է մի շարք չինական ապրանքների համար հարկային բեռը թեթևացնել, ինչպես նաև մեծ թվով չինական կազմակերպությունների կթողնի ամերիկյան շուկա: Այդ կերպ Վաշինգտոնը կկոմպենսացնի Պեկինը վնասը՝ Մոսկվայի հետ կապերը խզելու հետ կապված:

 

ԱՄՆ-ն հուլիսից սկսած բանակցում է Չինաստանի հետ, այդ թվում՝ խոշոր բիզնեսի մակարդակում: Այդ հանդիպումների ժամանակ քննարկվել են տեխնոլոգիաների համատեղ օգտագործման հեռանկարները, Չինաստանի տարածքում նորագույն տեխնոլոգիական արտադրություններ հիմնելու հարցերը: ԱՄՆ-ն մանրամասն ներկայացրել է ՉԻնաստանին, թե ինչ է առաջարկում Ռուսաստանի հետ կապերը խզելու դիմաց:

 


Ստացվում է, որ հավանականությունը մե՞ծ է, որ Պեկինը համաձայնության կգա ԱՄՆ-ի հետ:


– Մի խնդիր կա, որի պատճառով, իմ կարծիքվ, Չինաստանը հարաբերությունները չի խզի ՌԴ-ի հետ: Ռուսաստանը ոչ մի ոլորտում՝ քաղաքական, տոխնոլոգիական, Չինաստանի համար մրցակից չէ: Իսկ ԱՄՆ-ն մրցակից է: Հենց դա էլ կանգնեցնում է Չինաստանին Վաշինգտոնի հետ ավելի սերտ հարաբերություններ ունենալու և ՌԴ- հետ հարաբերությունների խզելու հարցում: Սակայն, ես չեմ բացառում, որ Չինաստանը մասնակի համագործակցության կգնա ԱՄՆ-ի հետ՝ չի շարունակի ակտիվորեն համագործակցել Ռուսաստանի հետ: Պեկինը չի արձագանքի նաև Մոսկվայի՝ Վաշինգտոնի դեմ գործելու առաջարկին:  

 


Ի՞նչ ազդեցություն կունենա ՌԴ-ի վրա Պեկինի անտարբերությունը:

 


–ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից կիրառվող պատժամիջոցների պատճառով Ռուսաստանի համար ակտուալ է դարձել ներմուծման լրացումը: Այս խնդրի լուծման համար ՌԴ-ին անհրաժեշտ է մոտ  3-ից (սննդամթերք) 7 ( IT-տեխնոլոգիաներ) տարի: Այս ընթացքում Չինաստանը պետք է փոխարինի Արևմուտքին՝  ներմուծման մասով, և այդ տեսանկյունից Չինաստանը շատ կարևոր է ՌԴ-ի համար:  

 

Եթե Չինաստանը թանկացնի իր ապրանքների գները կամ դադարեցնի մատակարարումները, ապա Ռուսաստանն ապրանքային դեֆիցիտի առջև կկանգնի: Կարելի է ասել, որ Ռուաստանն ազատվելով արևմտյան ապրանքներից կախվածությունից, կախվածության մեջ է ընկնում չինական ապրանքներից, ինչն այդքան էլ լավ չէ:

 

Ամենայն հավանականությամբ Կրեմլը հույս ունի, որ յոթ տարում ոչ թե սեփական արտադրությամբ կհարթի այս խնդիրը, այլ Արևմուտքը կհանի պատժամիջոցներն ավելի շուտ, քան Ռուսաստանում իրական տեխնոգեն ճգնաժամ կսկսվի:

 


Իսկ ի՞նչ կկորցնի Ռուսաստանը Հարավային Կորեայի և Սինգապուրի հետ հարաբերությունները խզելու դեպքում:

 

– Սինգապուրը էլեկտրոնիկայի խոշորագույն արտադրող է: Սինգապուրի հետ ՌԴ-ն վերջին տարիներին է ընկերական հարաբերություններ հաստատել՝ մասնավորապես տեխնոլոգիական և կրթական ոլորտներում, ուստի Սինգապուրի մասով կորուստներն այդքան էլ մեծ չեն լինի:

 

Հարավային Կորեայի դեպքում իրավիճակը բոլորովին այլ է՝ ՌԴ-ն խոշոր շուկա է Հարավային Կորեայի էլեկտրոնիկայի և ավտոմեքենաների համար, և, եթե Հարավային Կորեան աջակցի ԱՄՆ-ին՝ ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցների հարցում, ապա ՌԴ-ն կզրկվի կորեական մեքենաներից, և դրանց սպասարկման փաթեթից, ինչպես նաև կորեական բարձր տեխնոլոգիական արդյունաբերական էլեկտրոնիկայից, ինչը լուրջ հարված կհասցնի ՌԴ տնտեսությանը՝ ՌԴ-ն նման ապրանքներ չի արտադրում, իսկ չինական այլընտրանքն էլ անհամեմատ թույլ է:  

 


Դուք կարծո՞ւմ եք, որ ԱՄՆ-ն կարող է այս երկու երկրներին հակառուսական կոալիցիայի մեջ ներքաշել:




– Կարծում եմ՝ հավանականությունը շատ քիչ է: ԱՄՆ-ն դեռ վաղուց էր փորձում համոզել Հարավային Կորեային միանալ հակառուսական պատժամիջոցներին, սակայն ոչ մի արդյունքի չհասավ: Սինգապուրը նույնպես պատժամիջոցներին միանալու ցանկություն չունի:  

 

Ընդհանուր առմամբ, Հարավ-Արևելյան Ասիայի երկրները գերազանց հասկանում են, որ հակառուսական պատժամիջոցներին միանալու դեպքում ամերիկյան կողմից ստացված օգնությունը միմիայն մեծացնելու է ԱՄՆ ազդեցությունը տարածաշրջանում, իսկ վերջին ժամանականերին անգամ Ճապոնիան է փորձում դուրս գալ ԱՄՆ ազդեցության տիրույթից:

 

Կարծում եմ՝ ԱՄՆ-ն էլ է վստահ, որ այս երկրները չեն միանա հակառուսական պատժամիջոցներին, սակայն այն ձգտում է, որպեսզի դրանք զգույշ լինեն ՌԴ մատակարարվող ապրանքների հարցում և ամբողջությամբ չփոխարինեն այն բացը, որն առաջացել է Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցների արդյունքում:  

 

 

Նույն շարքից