Վերլուծական 

ԱՄՆ-ն իսլամիստների դեմ պայքարում ստիպված կլինի համագործակցել Սիրիայի հետ

analitik.am

Իրաքի և Լևանտի իսլամական պետության գրոհայինների կողմից գրավված տարածքներում իրականացրած վայրագությունները` մասնավորապես եզդիների և այլ ազգային ու կրոնական փոքրամասնությունների կոտորածները, ստիպեցին Սպիտակ Տանը վերաիմաստավորել Մերձավոր Արևելքում վարած քաղաքականությունն ու փոխել քաղաքական վեկտորը:


Եթե մի քանի ամիս առաջ ժողովրդավարական Արևմուտքը` Վաշինգտոնի գլխավորությամբ, ամբողջովին աջակցում էր նույն այդ ահաբեկիչներին, ապա հիմա Արևմուտքը խստորեն դատապարտում է նրանց  իրականացրած ոճրագործությունները: Վերջին կաթիլն ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի զազրելի սպանությունն էր, երբ իսլամիստ ծայրահեղականները պահանջեցին դադարեցնել ամերիկյան օդուժի հարվածները, հակառակ դեպքում սպառնացին սպանել մնացած պատանդներին և ոչնչացնել ԱՄՆ-ն:


Սպիտակ Տան արձագանքը սպասեցնել չտվեց, Օբաման նշեց, որ իսլամիստ ծայրահեղականների գաղափարախոսությունն իրենցից ոչ մի մարդկային արժեք չի ներկայացնում և հավաստիացրեց, որ օդային հարվածները շարունակվելու են: Իր հերթին Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը հայտարարեց , որ Լևանտի իսլամիստ խմբավորումները հանդիսանում են ԱՄՆ շահերի անմիջական և գլխավոր սպառնալիքն ու անհրաժեշտ է  օր առաջ այն վերացնել:


Այսպիսով` ամերիկացիները պատրաստվում են ռազմական գործողություններ ծավալել այն խմբավորումների դեմ, որոնց հետ արդեն երեք տարի է, ինչ փաստացի միայնակ օրհասական պայքար էր մղում Բաշար ալ-Ասադը: Չնայած պաշտոնական Վաշինգտոնն ու Լոնդոնը (վերջինս որոշել է զենք տրամադրել քրդերին) բացառեցին իսլամիստների դեմ պայքարում համագործակցել  Սիրիայի կառավարական ուժերի հետ, սակայն վաղ, թե ուշ Արևմուտքը ստիպված է լինելու հաշվի նստել Բաշար ալ-Ասադի գործոնի հետ, այստեղ տեղին է հիշել Պենտագոնի բարձրաստիճան գեներալ Մարտին Դեմսիի այն միտքը, որի համաձայն Լևանտի իսլամական խմբավորման լիակատար ոչնչացման համար անհրաժեշտ կլինի հարվածներ հասցնել Սիրիայում առկա նրանց ռազմակայաններին: Սա նշանկում է, որ եթե ԱՄՆ-ն իրոք ցանկանում է իսպառ վերացնել իսլամիստ ծայրահեղական խմբավորումները, ապա այն դատապարտված է համագործակցել Ասադի ուժերի հետ:


Սիրիական կառավարական ուժերը, մարտնչելով ահաբեկչական խմբավորումների հետ, ապացուցեցին իրենց կենսունակությունը և զինված պայքարում հսկայական փորձ ձեռք բերեցին, որն անփոխարինելի կլինի Վաշինգտոնի համար: Վաշինգտոնը Խաչակրաց պատերազմ է սկսում մի խմբավորման դեմ, որի ռազմական և ֆինանսական գլխավոր հովանավորներն են տարածաշրջանում ԱՄՆ-ի ավանդական դաշնակիցներ համարվող Թուրքիան ու Սաուդյան Արաբիան: Դժվար թե այս երկրների սրտով լինի Սպիտակ Տան ջերմեռանդությունը Լևանտի զինված խմբավորումների ոչնչացման գործում: Իհարկե նրանք բացահայտորեն չեն կարող ընդդիմանալ ԱՄՆ-ի նպատակներին, սակայն օգտագործելով իրենց ֆինանսական և լոբբիստական կապերը, կփորձեն «սառեցնել» Վաշինգտոնի ներկա ջերմեռանդությունը:


Թուրքիան ու Սաուդյան Արաբիան անհաշտ աշխարհաքաղաքական պայքար են մղում Իրանի դեմ և այս պայքարի գլխավոր ռազմական  ուժը իսլամիստ ծայրահեղականների զինված խմբավորումներն են, որոնք ձգտում են Սիրիայում տապալել ալավիտ Բաշար ալ-Ասադին, Իրաքում` շիաների կառավարությունը և  գրավյալ տարածքներում Իսլամական խալիֆաթ ստեղծել: Արդյունքում վերանում է այսպես կոչված «շիական միջանցք»-ը , իսկ Իրանը տարածաշրջանում հայտնվում է մեկուսացման մեջ: Սակայն, եթե ԱՄՆ-ն կործանիչ հարվածներ հասցնի իսլամիստ զինյալ ջոկատներին, ապա Բաշար ալ-Ասադը քաղաքացիական պատերազմից դուրս կգա հաղթանակած` էլ ավելի ամրապնդելով իր դիրքերը երկրի ներսում:


Այս ամենի շնորհիվ հնարավոր է ձևավորվի Իրան-Սիրիա ռազմաքաղաքական առանցք, որին կարող է հարել նաև Եգիպտոսը: Եգիպտոսում զինվորականները 2013թ. տապալեցին իսլամիստ ծայրահեղականների Մուսուլման եղբայրներ խմբավորման իշխանությունը, իսկ նախագահ Մուրսիին էլ ձեռբակալեցին: Եթե Էրդողանը դատապարտեց զինվորականների հեղաշրջումը, ապա Ասադը ողջունեց այն (Մուրսին իր տապալումից երկու շաբաթ առաջ խզել էր դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ):  Եգիպտոսի ներկայիս  նախագահ, նախկին գեներալ Աբդել Ֆաթահ Աս Սիսին  երկրում վերականգնեց  աշխարհիկ կառավարման մոդելը և անհաշտ պայքար է մղում իսլամիստ ծաըրահեղականների դեմ:

Այսօր թուրք-եգիպտական հարաբերությունները ճգնաժամի մեջ են`Կահիրեն մեղադրում է Անկարային իր ներքին գործերում խառնվելու մեջ, ինչ վերաբերում է Սաուդյան Արաբիային, ապա այն մշտապես հանդիսացել է Եգիպտոսի գլխավոր մրցակիցը Արաբական աշխարհում: Այդ իսկ պատճառով բնական կարելի է համարել Իրան-Սիրիա-Եգիպտոս առանցքի ձևավորումը, որը քաղաքական մեծ հարված կլինի Անկարային և Էռ-Ռիադին: Վերջիններս կկորցնեն իրենց առանցքային դերակատարությունն ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլ նաև Իսլամական աշխարհում: 


Սարգիս Լևոնյան

 

Նույն շարքից