Միջազգային 

ԱՄՆ-ը հայտարարել է սիրիացի քուրդ զինյալներին օգնելու մասին

analitik.am

ԱՄՆ-ի Պետքարտուղարության խոսնակի օգնական Մարի Հարֆը հայտարարել է, որ իր երկիրը Սիրիայում գործող Քրդստանի դեմոկրատական միասնություն կուսակցությունը (PYD) եւ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) դիտում է որպես տարբեր կազմակերպություններ, եւ որ շատ կարեւոր է համարում «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող PYD-ին աջակցություն ցուցաբերելը: 

 

Ինչպես հաղորդում է թուրքական internethaber.com լրատվական կայքը, ամերիկացի պաշտոնյան հայտնել է, որ իրենց այդ դիրքորոշումը բացահայտ կերպով հայտնել են նաեւ Թուրքիայի ղեկավարությանը:

 

Կայքը նշում է, որ Մարի Հարֆն այդ հայտարարությունն արել է Թուրքիայում ահաբեկչական հայտարարված PKK-ի (որը 1980 թվականից պայքարում է Թուրքիայի արեւելյան եւ հարավարեւելյան շրջաններում անկախ քրդական պետություն ստեղծելու համար) սիրիական թեւ հանդիսացող PYD-ի զինյալներին ԱՄՆ-ի օդուժի կողմից ռազմական օգնություն կատարելուց հետո, ինչի մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսով տեղեկացրել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

 

Դրանից հետո Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մյովլուդ Չավուշօղլուն, առանց որեւէ մեկնաբանության, հայտարարել էր, որ թուրքական կողմը թույլ է տալիս PYD-ի զինյալներին իր տարածքով անցնել Սիրիա` Քոբանիում ԻԼԻՊ-ի դեմ կռվելու համար:

 

Անգլիական Financial Times-ն այդ առնչությամբ գրել է, որ չդիմանալով ԱՄՆ-ի ճնշմանը, Քոբանիի հարցում «Թուրքիան 180 աստիճանով փոխեց իր նախկին քաղաքականությունը» եւ իրաքցի փեշմերգաներին (Իրաքյան Քրդստանի բանակ, որի մեջ մտնում են նաեւ PYD-ի զինյալները) թույլ տվեց իր տարածքով անցնել Սիրիա:

 

Այդ զարգացումներից հետո Իրաքյան Քրդստանի առաջնորդ Մասուդ Բարզանին PYD-ի զինյալներին հանձնարարել է 48 ժամվա ընթացքում հասնել Քոբանի եւ քաղաքը ԻԼԻՊ-ի ահաբեկիչներից ազատելու գործողություններ սկսել:

 

Թուրքական TRT Haber հեռուստաալիքը հայտնել է, որ Թուրքիայի տարածքով PYD-ի զինյալների անցումը Սիրիա շարունակվում է:

Նույն շարքից