Առողջապահություն 

Ամերիկահայ բժիշկները կնպաստեն Գյումրիում բժշկական ծառայությունների զարգացմանը

analitik.am

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց ամերիկահայ անվանի վիրաբույժ Գևորգ Մութաֆյանի ղեկավարած բժշկական խմբին, որը հուլիսի 19-ից օգոստոի 2-ը Գյումրի է ժամանել Ամերիկահայկական բժշկական առաքելության բարեգործական ծրագրի շրջանակում: 

 

«Մենք շնորհակալ ենք ձեր կողմից իրականացվող աշխատանքի համար: Կարևոր է, որ ԱՄՆ-ից ժամանած մասնագետները ոչ միայն գան և այստեղ վիրահատություններ կատարեն, այլև տեղի մասնագետներին սովորեցնեն աշխատել նորագույն մեթոդներով ու տեխնոլոգիաներով»,- ասաց Արմեն Մուրադյանը: Նրա գնահատմամբ` ամերիկահայ բժիշկների համար Գյումրին հայ գործընկերներին օժանդակելու լավ հարթակ է:

 

Առողջապահության նախարարը որպես Հայաստանում բժշկական լավագույն ավանդույթների ներդրման օրինակ մատնանշեց պրոֆեսոր Կարո Դերձակյանի օրինակը` նրան բնորոշելով որպես ուրոլոգիայի զարգացման հիմնաքար դնողներից մեկը: Հայաստանում ծավալած 25-ամյա գործունեության շնորհիվ նա մեծ ճանաչում ու հեղինակություն ունի հայ հանրության շրջանում։ Կարո Դերձակյանը 2012 թվականին պարգևատրվել է Երևանի պետական բժշկական համալսարանի պատվավոր առաջին աստիճանի շքանշանով, մի շարք այլ պարգևներով:

 

«Մի քանի սերնդի է սովորեցրել Կարո Դերձակյանը։ Ճանաչված մասնագետը նաև սարքեր է նվիրաբերել Հայաստանին` նպատակ ունենալով հայրենիքում զարգացնել ուրոլոգիան։ Չափազանց աշխատասեր, պահանջկոտ այս մարդը հայրենիքում մնայուն գործ ծավալելու վառ օրինակ է»,-ընդգծեց նախարարը` նշելով, որ Ամերիկահայկական բժշկական առաքելության բարեգործական ծրագրին նույնպես կհաջողվի գնալ այս ճանապարհով, և նախարարությունը պատրաստ է աջակցելու մասնագետներին: 

 

Արմեն Մուրադյանը հյուրերին հայտնեց, որ ՀՀ կառավարությունը կաջակցի այն երիտասարդ մասնագետներին, ովքեր կցանկանան վերապատրաստվել արտասահմանի լավագույն բժշկական կենտրոններում:

 

«Առաջնահերթությունը տրվելու է հենց մարզային հիվանդանոցների մասնագետներին։ Նման ցանկություն հայտնողներից առաջիններից մեկը օրթոպեդ է Գյումրիից, ով ցանկանում է ծնկահոդի վիրահատություն կատարել, ամբողջովին տիրապետել պրոթեզավորմանը և արտասահմանում ձեռք բերած փորձը կիրառել Հայաստանում»,- ասաց Արմեն Մուրադյանը: 

 

Ամերիկահայկական բժշկական առաքելության բարեգործական ծրագրի շրջանակում Գյումրիի բժշկական կենտրոնում կկատարվեն լապարասկոպիկ և բաց վիրահատություններ, ուրոլոգիական անոթային վիրահատություններ և թերապևտիկ բուժումներ ու խորհրդատվություններ:

 

Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը ևս շնորհակալություն հայտնեց Գևորգ Մութաֆյանի հետ Հայաստան ժամանած մյուս մասնագետներին` ընդհանուր անոթային վիրաբույժ Սիմոն Քյոշքերյանին, ուրոլոգ Լեո Դումանյանին, թերապևտ Ծովինար Թեքելյանին, անեսթեզիոլոգ Էմիլ Սայսին, վիրաբույժ Հարություն Դավթյանին, վիրահատարանի բուժքույր Թուբինա Խաչիկյանին:

 

 

Ի դեպ, Գեւորգ Մութաֆյանը ծնունդով Գյումրիից է, աշխատում է Գլենդելի երկու խոշոր` «Մեմորիալ» եւ «Ատվենտիս» կլինիկաներում: Նա կրթություն է ստացել Լենինգրադի ռազմաբժշկական ակադեմիայում, որից հետո ուսումը շարունակել է ԱՄՆ-ում, ուր և բնակություն է հաստատել:

 

 

Հանդիպման ընթացքում ամերիկահայ մասնագետները նշեցին, որ իրենք ևս ջանքեր կգործադրեն Հայաստանի երիտասարդ մասնագետների համար արտերկրում ուսանելու հնարավորություն ընձեռելու նպատակով:

Նույն շարքից