Հայաստան 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Սլովակիայի նորանշանակ դեսպանին

analitik.am

Մարտի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետութիւնում Սլովակիայի Հանրապետութեան նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպան Պետեր Պրիպուտենին (նստավայրը` Մոսկուա):


Շնորհաւորելով դեսպանին` Նորին Սրբութիւնը վստահութիւն յայտնեց, որ վերջինիս գործունէութեան շնորհիւ երկու երկրների յարաբերութիւնները եւ գործակցութիւնն աւելիով կը զարգանան եւ կարգասաւորուեն: Վեհափառ Հայրապետը գոհունակութեամբ փաստեց նաեւ երկու ժողովուրդների բարեկամական ամուր կապերը` խարսխուած ընդհանուր քրիստոնէական արժէքների վրայ` նշելով, որ դրանց զօրացման մէջ մեծ դերակատարութիւն ունի Սլովակիայի հայկական համայնքը:


Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայ համայնքի հանդէպ ցուցաբերուող մշտական հոգածութեան համար իր շնորհակալութիւնը յայտնեց երկրի իշխանութիւններին: Նորին Սրբութիւնը գնահատանքով ընդգծեց նաեւ այն զօրակցութիւնը, որ Կաթոլիկ Եկեղեցու կողմից բերւում է Հայոց Եկեղեցուն Սլովակիայում հայորդիների հոգեւոր կեանքի կազմակերպման գործում:


Այնուհետեւ Սլովակիայի նորանշանակ դեսպանը նոյնպէս ուրախութիւն յայտնեց հանդիպման կապակցութեամբ` վստահեցնելով, որ իր դիւանագիտական գործունէութեան շրջանակներում պիտի նպաստի տարբեր ոլորտներում հայ-սլովակեան կապերի ամրապնդմանը:


Զրոյցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու ՀՀ-ում Սլովակիայի դեսպանն անդրադարձան նաեւ երկու երկրների առջեւ ծառացած մարտահրաւէրներին ու խնդիրներին, ինչպէս նաեւ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած միջոցառումներին:


Հանդիպմանը ներկայ էր Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը:

Նույն շարքից