Առողջապահություն 

Աղիքային վարակիչ հիվանդությունների տարածման աղբյուրները. Ինչպե՞ս խուսափել դրանցից. մասնագետ

analitik.am

Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչ Լիանա Թորոսյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ համաճարակային վիճակը հանրապետությունում համեմատաբար հանգիստ է, թեև էնտերովիրուսային վարակների որոշակի ակտիվություն է նկատվում, սակայն ամեն ինչ գտնվում է նախարարության վերահսկողության տակ և ահազանգերի կարիք չկա:

 

«Աղիքային վարակիչ հիվանդությունները իրենց բնորոշ սեզոնայնությունն ունեն, որոնք իրենց պիկին են հասնում հատկապես ամռանը»,- ասաց նա և նշեց, որ ամռանը վարակի տարածման համար կան բոլոր բարենպաստ պայմանները: Այսպիսով՝ տարածման աղբյուր կարող է հանդիսանալ ջուրը, ոչ լվացած բանջարեղենը, պատահական վայրերից գնված կաթնամթերքը:

 

Վարակներից խուսափելու համար Լիանա Թորոսյանը խորհուրդ տվեց առաջին հերթին լավագույնս պահպանել անձնական հիգիենան, բանջարեղենը ուտելուց առաջ հոսող ջրի տակ մանրակրկիտ լվանալ, խուսափել արագ պատրաստվող սննդից:

 

Լիանա Թորոսյանն անտառներում հանգիստը կազմակերպող մարդկանց խորհուրդ տվեց հագնվել երկարաթև, բամբակե, բաց գույնի զգեստ, որպեսզի խուսափեն միջատների խայթոցից:

 

«Խստիվ արգելվում է պատահական վայրերից սունկ հավաքել, այն կարելի է գնել միայն խանութներից, որոնք ենթարկված են ստուգման»,- ասաց բանախոսը: Նա նաև կոչ արեց արգելված վայրերում լողավազանից ոչ մի դեպքում չօգտվել, ինչպես նաև խուսափել պատահական վայրերից ջուր խմելուց:

 

Լիանա Թորոսյանը կոչ արեց այս սեզոնին շատ հեղուկ օգտագործել, սակայն չխմել սառույցով ջուր, քանի որ այն ծարավը չի հագեցնում, փոխարենը կարելի է խմել գոլ ջուր կամ թեյ, ու հատկապես օգտակար է թանը:

 

Նա հայտնեց, որ այսօր էնտերովիրուսային վարակների 50 դեպք է գրանցված:

Նույն շարքից