Միջազգային Վերլուծական Քաղաքականություն 

Ադրբեջանի համար ավարտվում է ածխաջրածնային հեքիաթը և սկսվում է դառը իրականությունը

analitik.am

 

Արևմտյան տնտեսական պատժամիջոցների պայմաններում ռուս-թուրքական քաղաքատանտեսական հարաբերությունների սերտացումը լուրջ հետևանքներ է ունենալու տարածաշրջանի երկրների համար: Ռուսաստանի կողմից Հարավային հոսք նախագծից հրաժարումն և ռուսական գազը դեպի Թուրքիա արտահանումը, Անկարային վերածում է հարավային Եվրոպայի էներգետիկ կարևոր հանգույցի: Եթե նախնական տարբերակով ռուսական գազը Սև ծովի հատակով հասնելու էր Բուլղարիա, այնուհետև  Հունգարիա և Բալկանյան երկրներ, որի արդյունքում Ռուսատանը ուժեղացնելու էր իր դիրքերն ԵՄ-ի էներգետիկ շուկայում, ապա ներկայիս տարբերակով Մոսկվան ծովի հատակով գազը հասցնելու է Թուրքիայի սահմանը, որտեղ պետք է կառուցվեն գազաբաշխման կայան ու գազապահեստներ, ինչով էլ ավարտվելու է Ռուսաստանի գործունեությունը:

 

Ռուսական գազի մատակարարումը դեպի Եվրոպա դառնում է Թուրքիայի ու ԵՄ-ի ներքին խնդիրը: Նման պայմաններում մշուշոտ է դառնում Թուրքիայի տարածքով ադրբեջանական գազի արտահանումն եվրոպական շուկա, քանի որ Անկարան պարտավորվել է տարեկան 63 միլիարդ մ3 գազ գնել Ռուսաստանից, որից մոտ 50 միլիարդ մ3 պետք է արտահանվի եվրոպական երկրներ: Իր հերթին ԱՄՆ-ն նույնպես ցանկանում է ամուր դիրքեր հաստատաել հին մայրցամաքի էներգետիկ շուկայում և իր սեփական հեղուկ գազը վաճառել ԵՄ-ին: Ստեղծվում է մի իրավիճակ, որտեղ Անկարան ու Վաշինգտոնը վերածվում են տնտեսական անհաշտ մրցակիցների: Այս հանգամանքը փաստացի անիրագործելի է դարձնում Թուրքիայի ու Ադրբեջանի միջև կնքված Տրանսանատոլիական նախագծի իրագործումը, որի համաձայն Ադրբեջանը տարեկան 10 միլիարդ մ3

 գազ պետք է մատակարարեր Եվրոպա: Ստացվում է, որ Անկարայում կնքված ռուս-թուրքական գազային համաձայնագիրը մեծ հարված հասցրեց Բաքվին, սակայն Ադրբեջանի ձախողումներն այդքանով չեն ավարտվում: Դեկտեմբերի 11-ին Կարսում Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպման ժամանակ ընդունեցին հայտարարություն, որտեղ կոչ էին անում շահագրգիռ կողմերին շուտափույթ ավարտրն հասցնել Կարս- Ախալքալաք  երկաթգծի կառուցումը: Թվում է՝  այս երկաթգծի շահագործումը բխում է Բաքվի քաղաքատնտեսական շահերից, քանի որ ևս մեկ անգամ Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային տնտեսական նախագծերից , որի հետևանքով թուլանում է Երևանի աշխարահաքաղաքական ազդեցությունը Հարավային Կովկասում:

 

Բայց խորը վերլուծելով  ստեղծված իրավիճակը՝  հանգում ենք այն եզրակացության, որ Կարս-Ախալքալաք  երկաթգիծը նպաստելու է ինչ որ չափով Հայաստանի ապաշրջափակմանը: Մշտապես ասվել է, որ այս երկաթգիծը տնտեսապես ձեռնտու չէ, որովհետև երեք երկրները հազիվ թե կարողանան ապահովել բեռնափոխադրումների այնպիսի ծավալ, որի արդյունքում երկաթգիծը կդառնա շահութաբեր: Միևնույն ժամանակ Անկարան ու Մոսկվան նպատակադրվել են երկու երկրների ապրանքաշրջանառությունը 33 միլիարդ դոլարից հասցնել 100 միլիարդի: Միայն երկաթգծի առկայության պայմաններում կդյուրացներ կողմերին կարճ ժամանակահատվածում հասնել կիրենց մատնանշած ապրանքաշրջանառության ծավալներին: Ելնելով այս հանգամանքներից՝  առաջին պլան է մղվում աբխազական երկաթգծի վերաբացման խնդիրը, որն ամենակարճ և անխափան  ցամաքային կապը կհաստատի  Ռուսաստանի ու Թուրքիայի միջև: Բազմաթիվ տնտեսագետներ  ու փորձագետներ նշում են, որ հանուն Հայաստանի ապաշրջափակման՝ աբխազական երկաթգծի շահագործումը տնտեսապես արդյունավետ չէ, սակայն եթե այդ երկաթգծից օգտվելու է նաև Թուրքիան, ապա ոչ միայն հանվելու է շահութաբերության հարցը, այլև նպաստելու է երկաթգծի վերաբացման գործընթացի աշխուժացմանը: Աբխազական երկաթգծի վերաբացումը ձեռնտու է լինելու տարածաշրջանի բոլոր երկրներին, բացառությամբ Ադրբեջանի:

 

Այսպիսով,  ռուս- թուրքական տնտեսական աննախադեպ համագործակցությունը հարվածի տակ է դնում Բաքվի քաղաքական ու տնտեսական ակնկալիքներն ու նպատակները: Բաքուն իր մաշկի վրա է զգալու, թե ինչ է նշանակում իրական քաղաքականությունը, երբ եղբայրակից պետությունը հանուն իր տնտեսական օգուտների  անտեսում է կրտսեր եղբոր շահը: Ադրբեջանական նավթի  արտահանումը հետզհետ   նվազում է, ինչպես նաև նավթի համաշխարհային գների անկումը թուլացնում են Բաքվի դերակատարությունը Հարավային Կովկասում և նրա ազդեցությունը միջազգային ասպարեզում: Սա թույլ կտա Հայաստանին Արցախի հարցում դիվանագիտական ատյաններում ու քարոզչական ոլորտներում ավելի արդյունավետ դիմագրավել ադրբեջանական բացահայտ կեղծիքին: Դժվար թե միջազգային հանրությունը ականջալուր լինի մի բռնապետական երկրի անհիմն պահանջների, որտեղ չեն հարգվում մարդու տարրական իրավունքնևրն ու ազատությունները: Ադրբեջանի համար ավարտվում է ածխաջրածնային հեքիաթը և սկսվում է դառը իրականությունը, որին Բաքուն ստիպված է լինելու համակերպվել:    


Սարգիս Լևոնյան

Նույն շարքից