Բիզնես 

Polymetal-ը Հայաստանում 3,5 մլն դոլարով գնել Է Լիճքվազի ակտիվի 25 տոկոսը

analitik.am

Ռուսաստանում արծաթի խոշորագույն արտադրող եւ ոսկու առաջատար արդյունահանողներից մեկը՝ Polymetal-ը, Հայաստանում ձեռք Է բերել Լիճքվազի ակտիվի 25 տոկոսը եւ համաձայնեցրել Է իր բաժինը մինչեւ 50 տոկոս ավելացնելու կարգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով ընկերությանը:



25 տոկոսի գնումը կատարվել Է Polymetal-ի՝ 3,5 միլիոն դոլար գումարի բաժնետոմսերի դիմաց: Ընկերությունը նաեւ ստանձնել Է հանքավայրի երկրաբանական-հետախուզական աշխատանքների, տեխնոլոգիական հետազոտությունների ֆինանսավորման եւ սույն աշխատանքների ավարտից հետո ընկերությունում բաժինը մինչեւ 50 տոկոս ավելացման իրավունքի դիմաց JORC-ին համապատասխան պաշարների գնահատման հաշվետվության պատրաստման պարտավորություններ:



Polymetal-ի կարծիքով՝ Լիճքվազի հանքավայրն ունի երկրաբանական հետախուզության մեծ ներուժ: Պատմական գնահատման համաձայն՝ ենթադրյալ պաշարները կազմում են 2,4 միլիոն տոննա հանքանյութ՝ 6,9 գ/տ պարունակությամբ, ինչը համապատասխանում Է 0,6 միլիոն ունցիա ոսկու համարժեքին: Հանքավայրը գտնվում Է Հայաստանի Մեղրու շրջանում (Սյունիքի մարզ)՝ Երեւանից 380 կիլոմետր հարավ ընկած շրջանում: Դա զարգացած ենթակառուցվածքով (Էլեկտրականություն, ջուր, բնակարան) եւ որակյալ աշխատուժ ունեցող տարածաշրջան Է:



«Ես ուրախ եմ հաղորդելու Լիճքվազում բաժին ձեռք բերելու որոշման, Հայաստանում մեր առաջին ակտիվի մասին,- հայտարարել Է Polymetal-ի գլխավոր տնօրեն Վիտալի Նեսիսը:- Հուսով եմ, որ այս մեծ նախագիծն ավելի կմեծանա երկրաբանական հետախուզության արդյունքում եւ օպտիմալ հենակետ կստեղծի նոր տարածաշրջանում մեր հետագա զարգացման համար»:



Այժմ Polymetal-ն ակտիվներ ունի ՌԴ-ում (Մագադանի եւ Սվերդլովսկի մարզերում, Խաբարովսկի երկրամասում, Չուկոտկայում) եւ Ղազախստանում:

Նույն շարքից