Վերլուծական 

Hollywood-ի ազդեցությունը համաշխարհային քաղաքական գործընթացների վրա

analitik.am

Այս տարվա սեպտեմբերին Շոտլանդիայում կանցկացվի անկախության հանրաքվե, որտեղ կորոշվի Շոտնալդիայի հետագա քաղաքական ճակատագիրը: 1603թ. անգլիական գահին բազմեցին Ստյուարտների շոտլանդական թագավորական դինաստիան, որի արդյունքում Շոտլանդիան անձնական ունիայով միացավ Անգլիային: 1707թ. Շոտլանդիան վերջնականապես և ամբողջապես միավորվեց Անգլիային: 300տարվա ընթացքում շոտլանդացիներն երբեք չեն պայքարել իրենց երկրի պետականության վերականգնման համար, անգամ երբ 1-ին աշխարհամարտից հետո Իռնալդիան զինված պայքարի միջոցով փորձում էր ձեռք բերել անկախություն, ինչպես նաև անցած դարի 70-80-ական թթ., երբ հյուսիսային Իռլանդիայի կաթոլիկները ձգտում էին երկրամասն անջատել Մեծ Բրիտանիայից:


 

 Շոտլանդացիներն ակտիվորեն սկսեցին խոսել իրենց երկրի անկախության մասին 1996թ. հետո, երբ  համաշխարհային էկրան բարձրացավ Մել Գիբսոնի «Քաջ սիրտը» պատմական դրաման, որտեղ փայլեց  Գիբսոնի դերասանական և ռեժիսորական տաղանդը, որի շնորհիվ ֆիլմն արժանացավ Օսկար մրցանակի: Ֆիլմի սյուժեն շոտլանդացի ազգային հերոս Ուիլյամ Ուոլեսի կողմից 1307թ. ղեկավարած Անկախության  պատերազմն էր /1296-1314թթ./ ընդդեմ Անգլիական բռնապետության: Դժվար թե Մել Գիբսոնը նպատակ ունենար մասնատել Բրիտանիան, սակայն ֆիլմն այնքան հզոր ազդեցություն ունեցավ Շոտլանդիայի հասարակական և քաղաքական շրջանակների վրա, որ քսան տարի չանցած շոտլանդական ժողովուրդը հանրաքվեի միջոցով որոշելու է սեփական ճակատագիրը:


 

  Այն որ հեռուստատեսությունը,  Hollywood-ը հզոր  քարոզչամիջոցներ են  բոլորին է հայտնի  և պատահական չէ, որ Սպիտակ տունը սերտ համագործակցում է խոշոր ամերիկյան կինոընկերությունների հետ, որոնք դրական կերպարով են ներկայացնում ամերիկյան  իշխանություններին: Նման ճանապարհով միլիոնավոր մարդկանց աչքերում ԱՄՆ-ն հանդես է գալիս որպես  «սև ու մութ» ուժերից աշխարհը փրկող հերոսի: Այս քարոզչությունը  սովորական մարդու մոտ համակրանք է առաջացնում դեպի ԱՄՆ-ն և նրա որդեգրած արժեհամակարգը, ինչպես նաև հեշտացնում  Վաշինգտոնի   առջև դրված քաղաքական նպատակների իրականացման գործընթացը: Այս առումով Hollywood-ը մեծ հարված  հասցրեց  Սերբիայի և նրա ժողովրդի վարկին:  Սկսած 90-ականների կեսերից մինչև 2000-ական կեսերը հոլիվուդյան մարտաֆիլմերում սերբերը ներկայացված են որպես դաժան և անգութ մարդասպաններ, որոնք անխնա կոտորում են քաղաքացիական բնակչությանը: Այդպիսի ֆիլմերից է Ջին Հեքմանի մասնակցությամբ «Թշնամու թիկունքում» մարտաֆիլմը, որտեղ ամերիկացի օդաչուն փախչում է սերբական զինված ջոկատների հետապնդումից: Անգամ բարձրարժեք էքշն ֆիլմերում, որոնց սյուժեն կապ չունի բալկանյան թեմատիկայի հետ, սերբերի նկատմամբ սև PR են իրականացնում:  «Ժայռը» ֆիլմում, որտեղ հանդես են եկել  Նիկոլաս  Քեյջը ու Շոն Քոնորին, ՀՊԲ-ի գործակալ  Ստենլի Գուդսպիդը վնասազերծում են սերբերի կողմից տիկնիկում տեղադրված քիմիական զենքը: Այս ամենն արվում էր, որպեսզի չեզոքացվեր արևմտյան հասարակությունում առկա դժգոհությունն ու քննադատական վերաբերմունքը՝ կապված ՄԱԿ-ի կողմից հավանության արժանացած ՆԱՏՈ-ի սանձազերծած  Հարավսլավիայի  պատերազմի հետ:


 Ըստ էության ԱՄՆ-ն, ոտնահարելով Միջազգային իրավունքի նորմերը, ագրեսիայի ենթարկեց Հարավսլավիան: Իհարկե  լինում են բացառություններ, երբ կինոգործիչների կարծիքը չի համընկում Սպիտակ տան պաշտոնական դիրքորոշման հետ: Նման գործիչներից է Hollywood-ի աշխարհահռչակ ռեժիսոր Սթիվեն Սոդերբերգը, վերջինս ունի ուրույն դիրքորոշում ԱՄՆ-ի  ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ, որոնք ներկայացնում է իր ֆիլմերում, որը չի համընկնում Վաշինգտոնի պաշտոնական տեսակետի հետ: 

 


Hollywood-ում շատ են կիրառում նաև թաքնված քաղաքական քարոզչությունը, թվում է՝ ֆիլմը հատուկ ստեղծվել է միայն մեկ նախադասության ու մեկ մտքի համար: Այսպես՝ Փոխադրողը եռապատումի վերջին մասում Ջեյսոն Ստեթհեմի հերոսը  A կետից  B կետ է տեղափոխում Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյայի աղջկան, և  ասում է նրան, որ դուք՝ բոլոր ռուսներդ,  միատեսակ եք, աղջիկը կտրուկ ընդհատում է Ստեթհեմի հերոսին և նշում, որ ինքը ռուս չէ,  այլ ուկրաինուհի է և որ ուկրաինացիները բոլորովին տարբեր մարդիկ ենք:

 


Նման ձևով փորձ էր արվել ազդել ուկրաինական ժողովրդի ինքնագիտակցության վրա և շոյել ազգային արժանապատվությունը: Իհարկե ծիծաղելի կլիներ մտածել, որ շնորհիվ այդ նախադասության Կիևը ստորագրեց Եվրաասոցացման համաձայնագիրը, սակայն անհերքելի է, որ նման ազդակները մեծ  դեր են ունենում քաղաքական գործընթացների վրա: Այս ամենը ցույց է տալիս, թե ինչպիսի մեծ ազդեցություն ունի Hollywood-ը համաշխարհային գործընթաների վրա և այն հանդիսանում է ԱՄՆ-ի քաղաքական պայքարում, եթե ոչ գլխավոր, ապա առնվազն կարևոր զենքերից մեկը:



Սարգիս Լևոնյան  

Նույն շարքից