Հայաստան 

646 ուսանող ուսման վարձի փոխհատուցում է ստացել

analitik.am

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում ամփոփվել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած կրթաթոշակի մրցույթի արդյունքները: Այս տարի ուսման վարձի փոխհատուցում է ստացել 646 ուսանող: Որոշ ուսանողների կրթաթոշակի հավաստագիրը հանձնել է անձամբ վարչապետը:



Շնորհավորելով ուսանողներին կրթաթոշակ ստանալու առթիվ՝ կառավարության ղեկավարը նշել է, որ բոլոր ժամանակներում կրթությունը կարևոր տեղ ու դեր է ունեցել մեր հասարակությունում. «Ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում բարձրագույն կրթությունն առանձնակի է կարևորվում: Գիտատեխնիկական առաջընթացի աննախադեպ արագության և բարձր տեխնոլոգիաների ներդրման հետևանքով աշխատանքի շուկան մշտապես փոփոխվում է: Արդյունքում վերափոխվում է աշխատանքային միջավայրը, ի հայտ են գալիս նոր մասնագիտություններ և որակավորումներ»:




Կրթաթոշակի մրցույթը հայտարարվել է պետական բուհերի առկա ուսուցման բակալավրիատում սովորող առաջին կուրսի անվճար համակարգում չընդգրկված ուսանողների համար։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության աջակցությամբ. այս տարի մրցույթի անցկացման համար ՀՀ կառավարությունը ՀԵՀ-ին հատկացրել է 64 մլն դրամ: Հայաստանի գրեթե բոլոր, այդ թվում՝ մարզերում գործող պետական բուհերից այս տարի մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել մոտ 1040 ուսանող, ընդ որում, 179-ը՝ մարզերում գործող բուհերից։ Ուսանողների ընտրությունը կատարելիս հաշվի են առնվել մրցույթի կարգով սահմանված հստակ չափորոշիչները՝ առաջադիմությունը, սոցիալապես անապահով լինելու հանգամանքը և այլն։ Մրցույթում հաղթած ուսանողների անունները հրապարակվում են ՀԵՀ-ի պաշտոնական՝ heh.am կայքում։



Ընդհանուր առմամբ, պետական բյուջեից 2011-2014 թթ. Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փոխհատուցել է պետական բուհերի անվճար համակարգում չընդգրկված ավելի քան 3000 ուսանողի ուսման վարձ։

Նույն շարքից