Բավական բարդ 2014 թվականից հետո ևս Թուրքիան ոչ այնքան հեշտ տարի է սպասվում: Թուրքական իշխանությունները խնդիրների հսկա ցանկ ունեն ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտաքին դաշտում:
2015-ին Թուրքիային սպասում են խորհրդարանական ընտրություններ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Սիրիայում և Իրաքում անկայուն իրավիճակը, իսլամացման ուրվականը, Դարդանելի ճակատամարտի հարյուրամյակը, տնտեսական խնդիրներ և այլն:
Կարծում ենք` արժե հայացք գցել 2015-ի թուրքական օրակարգի առանցքային կետերին:
Խորհրդարանական ընտրություններ
Թուրքիայի համար խորհրդարանական ընտրությունները մեծագույն կարևորություն են ներկայացնում, քանի որ հարևան երկիրն ունի պառլամենտական կառավարման համակարգ: Խորհրդարանական ընտրություններում ձայների մեծամասնություն ստացած քաղաքական ուժը ձևավորում է կառավարություն և ընտրում վարչապետ: 2002 թվականից խորհրդարանական ընտրություններում առանց ընդմիջումների հաղթում է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որն աչքի է ընկնում իսլամամետ հայացքներով և կարողանում է ձայներ ստանալ` ապահովելով տնտեսական աճ: Եվ ահա ԱԶԿ-ի համար հերթական ընտրություններն են, որոնց այն ներկա դրությամբ ֆավորիտի կարգավիճակով է մոտենում, սակայն ևս 4 տարի իշխանության ղեկին մնալու համար Էրդողանի նախկին կուսակիցները պետք է բավական լուրջ պայքար մղեն, հակառակ ճամբարում քեմալականներն են ու քրդական ուժերը: Սա առաջին ընտրությունն է, որին ԱԶԿ-ն մասնակցում է առանց Էրդողանի: Թուրքական օրենքներն արգելում են երկրի նախագահին լինել կուսակցական, ուստի Էրդողանը փաստաթղթերով այլևս ԱԶԿ-ական չէ, սակայն միայն միամիտները կարող են մտածել, թե Էրդողան-ԱԶԿ կապը կտրված է: Ընդհակառակը, Էրդողանը շարունակում է դե ֆակտո ղեկավարել այդ քաղաքական ուժը: Ուստի հենց ԱԶԿ-ի հաջողությունից է կախված Էրդողանի դիրքերի հետագա ամրությունը, ինչպես նաև այդքան սպասված սահմանադրական փոփոխությունները կատարելու հնարավորությունը: Էրդողանը չի թաքցնում, որ ցանկանում է Թուրքիան որպես նախագահական կառավարման համակարգ ունեցող երկիր տեսնել: Այնպես որ ԱԶԿ-ի ներկայիս ղեկավարի, գործող վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խնդիրն է 2015-ի ամռանը նախանշված ընտրություններում ապահովել վստահ հաղթանակ:
Հասկանալի է, որ ընտրություններում հնարավոր հաղթանակն Էրդողանին և ԱԶԿ-ին հնարավորություն կտա շարունակել չափավոր իսլամացման քաղաքականությունը: Վերջին օրինակներով տեսնում ենք, որ Էրդողանը հակված է շարունակել իսլամի դերն ու նշանակությունը մեծացնելուն ուղղված իր քայլերը: Հայաստանի հետ հարաբերությունների տեսանկյունից ևս խորհրդարանական ընտրությունները կարևոր դերակատարում ունեն, քանի որ դրա արդյունքներով ընտրված կառավարությունն է կառուցելու Հայաստանի հետ հարաբերությունները:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից
Թեև Հայկական հարցն այսօրվա Թուրքիայի առաջնային խնդիրների ցանկում չէ, սակայն Հայոց ցեղասպանության 100-ամյակն առանձնակի կարևորություն է ներկայացնում Թուրքիայի համար, և պաշտոնական Անկարան իր քայլերով ցույց է տալիս, որ պատրաստվում է 2015 թվականին:
Թուրքական իշխանությունները, փոխելով ժխտողականության նախկին մեթոդները, անցել են ավելի փափուկ ու նուրբ աշխատանքի և փորձում են առաջ քաշել ավելի ժամանակակից և աշխատող թեզեր, ինչպիսին, օրինակ, «ընդհանուր ցավի» թեզն է: Միևնույն ժամանակ թուրքական կողմը փորձում է շեղող խուսանավումներ կատարել և երկրի համար միջազգային դրական իմիջ ձևավորել այնպիսի քայլերով, ինչպիսիք են Ահմեթ Դավութօղլուի երևանյան այցը, Թայիփ Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձը, Էթիեն Մահչուփյանի նշանակումը Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական և այլն: Բոլոր այս քայլերով Թուրքիան փորձում է մեղմել 2015-ի էֆեկտը: 2015-ի ապրիլի մոտենալուն պես թուրքական կողմն ավելի է ակտիվացնելու նման քայլերը` փորձելով շեղել ուշադրությունը և մարսելու հարյուրամյակի վտանգները: Թուրքական դիվանագիտության և քարոզչության համար 2015 թվականը մեծ կարևորություն է ներկայացնում: Այս ամենը հասկանալով` պետք է պատրաստ լինենք ոչ միայն դիպուկ պատասխաններ տալու, այլ նաև մենք նախաձեռնողի դերում լինենք:
Հայաստան-Թուրքիայի հարաբերությունների տեսանկյունից արմատական փոփոխություններ սպասել պետք չէ: Երկու երկրների համար էլ 2015-ը մեծ նշանակություն ունի և չափազանց նուրբ թեմա է: Սա կապված է ոչ միայն հարյուրամյակի հետ, այլ նաև Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների առկայությամբ:
Այնուամենայնիվ, հայ-թուրքական հարաբերությունների գործընթացում կոսմետիկ, իմիտացիոն քայլեր թուրքական կողմից սպասել պետք է: Խնդիրը նույնն է` հնարավորինս վնասազերծել Ցեղասպանության հարյուրամյակի ազդեցությունը:
Ուստի այս ամենի համատեքստում հայ-թուրքական հարաբերությունների հարցում իրատեսական չէ սպասել սկզբունքային, խորը գործընթացների:
Դարդանելի գործողության 100-րդ տարին
Թուրքիան պատրաստվում է նշել Դարդանելի (Չանաքքալե) ճակատամարտի 100-րդ տարին: 1915 թվականին օսմանյան բանակը կարողացավ դիմակայել դաշնակիցների (բրիտանացիների, ավստրալացիների և այլ ազգերի) զորքերին, որոնք փորձում էին վերահսկողություն սահմանել Դարդանելի նեղուցի վրա: Հետագա տարիներին այս ճակատամարտը հերոսացվեց թուրքական պետության կողմից: Եվ այժմ Թուրքիան խոշոր միջոցառումներով է պատրաստվում նշել Դարդանելի գործողության 100-ամյակը, ընդ որում` ապրիլի 24-ին նախագահ Էրդողանն աշխարհի տարբեր պետությունների ղեկավարների հրավիրել է Թուրքիա, բայց... մասնակցելու Դարդանելի ճակատամարտին նվիրված միջոցառումներին: Դարդանելի գործողության հերթական տարին նման ճոխությամբ և աղմուկով նշելու նախապատրաստությունը, բնականաբար, կապված է նաև Ցեղասպանության հարյուրամյակի հետ: Սպասելի է, որ թուրքական կողմն այս միջոցառումներով փորձելու է մեղմել Հայոց ցեղասպանության 100-ամյակի արձագանքն ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան մեդիադաշտում:
Գևորգ Պետրոսյան, թուրքագետ