Տնտեսություն 

150 մլն դրամ նոր նախարարության ծախսերի համար

analitik.am

Կառավարություն երեկվա նիստում որոշել է 150 միլիոն դրամ հատկացնել նոր բացված Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությանը 2015թ. ծախսերի համար: Գործադիրն այդ փողը պետք է տա իր պահուստային ֆոնդից:


Հիշեցնենք, սակայն, որ անցած տարեվերջին, երբ Ազգային ժողովում հարց էր բարձրացվել այդ նախարարության ստեղծման և դրա ֆինանսավորման հետ կապված, կառավարության ներկայացուցիչները պատասխանում էին, որ առանձնապես մեծ գումարներ անհրաժեշտ չեն այդ նոր ստեղծվող գերատեսչությունը պահելու համար, որ Էկոնոմիկայի նախարարությունից կառանձնացվի տնտեսական բարեփոխումների կամ զարգացումների հետ կապված հատվածը, և դա կդառնա նոր նախարարության հիմնական մասը: Հատկապես որ նախարարությունը ստեղծվում էր տարեվերջին, երբ 2015թ. պետական բյուջեի նախագիծն արդեն վաղուց քննարկվում էր Ազգային ժողովում, և այս նոր գերատեսչության հետ կապված ծախսեր այնտեղ նախատեսված չէին:


Հիմա, սակայն, արդեն պարզվում է, որ նախարարության 2015թ. ծախսերի համար կառավարությունն իր պահուստային ֆոնդից 150 մլն դրամ է հատկացրել:


Նախապես խոսակցություններ կային, որ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը կտեղակայվի այն շենքում, որտեղ գտնվում է նաև Էկոնոմիկայի նախարարությունը, ինչպես նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ու էլի մի քանի կառույց: Այժմ այս նոր նախարարությունը գործում է կառավարության շենքում: Բայց նախարարություն՝ որպես այդպիսին, դեռ չի էլ ձևավորվել: Ընդամենը նշանակված է նախարար՝ Վաչե Գաբրիելյանը, և փոխնախարար՝ ֆինանսների նախկին փոխնախարար Սուրեն Կարայանը: Վերջերս նաև հրապարակում եղավ, որ այս նոր նախարարության աշխատակազմի ղեկավար է նշանակվելու քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար Վարդան Նիկոյանը, որը ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի տղան է:


Այս նոր նախարարությունը առայժմ ունենալու է մոտ 30 հոգուց բաղկացած աշխատակազմ: Բայց առայժմ դեռ որևէ աշխատող չունի, քանի որ Քաղծառայության խորհուրդը դեռ չի հաստատել այս գերատեսչության հաստիքացուցակը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ կառավարությունն այս նոր նախարարությանը կարող է տեղ հատկացնել նաև քիչ ավելի հեռու՝ արդարադատության նախարարության նախկին շենքի տեղում կառուցվող հսկայական շենքում: Հիշեցնենք, որ այդ շենքն էլ կառուցում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը իր գնած՝ Արտաքին գործերի նախարարության շենքի փոխարեն: Մի քանի տարի առաջ գործարարն այդ շենքը գնել էր հավանաբար հյուրանոց կառուցելու համար, փոխարենը պարտավորվել էր կառավարության համար նոր շենք կառուցել: Է.Էռնեկյանը շենքը կառուցում է, սակայն կարծես թե արտգործնախարարության շենքի հետ կապված խնդիրներ կան: Այդ շենքի նեքին հարկերում են տեղակայված «Արարատ» ռեստորանը և «Նոյյան տապան» գրախանութը, որոնք պետական չեն, հավանաբար, այդ ընկերությունների սեփականությունն են և հրաժարվում են իրենց տարածքը հանձնել Է.Էռնեկյանին: Եվ հիմա խոսակցություններ են շրջանառվում, որ Է.Էռնեկյանը կարող է փոշմանել, հրաժարվել արտգործնախարարության շենքից և իր նորակառույցը չտալ կառավարությանը: Այս դեպքում արդեն Վ.Գաբրիելյանի ղեկավարած միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության համար այդ շենքում տարածք չի հատկացվի:


Սկզբնաղբյուր ՝ 1in.am

Նույն շարքից