Մշակույթ 

100-րդ տարելիցի միջոցառումները Բաթումիում

analitik.am

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներից անմասն չմնաց նաև Վրաստանի Բաթումի քաղաքը: Ապրիլի 23-ին, չնայած եղանակային վատ պայմաներին, Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցու բակում հարյուրավոր հավատացյալներ, հյուրեր հետևեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցող՝ 1915թ.-ին Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությանը:
Այս մասին  Tert.am-ին տեղեկացրեց Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիայի հայության և Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգևոր հայր Տեր Արարարատ քահանա Գումբալյանը:

 

100 անգամ ղողանջեցին Սուրբ Փրկիչ եկեղեցու զանգերը` միախառնվելով աշխարհի հազարավոր հայ և օտար եկեղեցիների զանգերին, ապա Տեր Արարատը  քարոզի խոսքով դիմեց ներկաներին` խնդրելով Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների բարեխոսությունը:

 

Նուն օրը եկեղեցու բակում իրականացվեց նաև Հայոց ցեղասպանության փաստերը ներկայացնող նկարների ցուցահանդես:
Ապրիլի 24-ին Սուրբ Փրկիչ եկեղեցում ևս մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ` նվիրված Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակներին: Պատարագի ավարտին 2015թ.-ի ապրիլի 12-ին տեղադրված և օրհնված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի դիմաց հոգևոր հովվի առաջնորդությամբ հոգևոր դասի և երգչախմբի մասնակցությամբ կատարվեց հանուն հայրենիքի և հանուն հավատքի նահատակված սրբերի հիշատակության կարգը:

 

Տեր հայրը և Բաթումիում գործող ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը կոչով դիմեցին Բաթումի, Օզուրգեթի, Քոբուլեթի, Չակվի քաղաքների տասնյակ հարյուրավոր հայորդիներին, ներկաներին, հյուրերին: Այնուհետև տեղի ունեցավ խաղաղ երթ: Մասնակիցները հայ-վրացական դրոշակներով, Հայոց ցեղասպանությանը վերաբերող բազմաբնույթ պաստառներով ուղևորվեցին դեպի Բաթումիում գործող Թուրքիայի հյուպատոսություն` իրենց բողոքի խոսքը հղելով թուրքական կառավարությանը:

 

Նույն օրը տեղի ունեցավ նաև ավտոերթ: Շուրջ 30 մեքենա հայոց եկեղեցու տարածքից շարժվեց դեպի թուրքական դեսպանատուն, այնուհետև ուղևորվեց դեպի թուրք-վրացական Սարփի սահմանը` երթը ավարտելով հայկական եկեղեցու տարածքում:

Նույն շարքից