Միջազգային 

Սպանվել է Բորիս Նեմցովը. Պուտինը կարծում է, որ սա պրովոկացիա է (լուսանկարներ)

analitik.am

Այսօր ժամը 00:30-ի սահմաններում սպանվել է Ռուսաստանում հայտնի քաղաքական ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը: РБК-ն գրում է, որ նա քայլելիս է եղել իր ընկերուհու հետ, կանգնել է մեքենա, որից դուրս է եկել մի մարդ և չորս անգամ կրակել Նեմցովի վրա: Այս մասին պատմում է Իլյա Յաշինը:

 

ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ելենա Ալեքսեևնան հայտնել է, որ Նեմցովի հետ աղջիկ է եղել՝ ուկրաինուհի: Այժմ նրան հարցաքննում են: 

Սպանության հանգամանքները դեռևս չեն մանրամասնում: Հանցագործության վայր է ժամանել ՌԴ ՆԳ նախարարը՝ Վլադիմիր Կոլոկոլցևը, ով հայտնել է , որ գործը վերցնում է իր անձնական հսկողության տակ: Հարուցվել է քրեական գործ:


Հանցագործության վայր են եկել Նեմցովի կողմնակիցները՝  այդ թվում կառավարության նախկին ղեկավար Միխային Կասյանովը, ով ասել է լրագրողներին. «Սա երևակայության սահմաններից դուրս է: Կրեմլի պատերից 50 մետր այն կողմ ընկած  է իմ ընկերը՝ Բորիս Նեմցովը: Ռուսաստանը հասել է այն օրվան, որ մարդկանց սպանում են հենց Կրեմլի : Սա շոկ է, ինչպե՞ս կարող է Ռուսաստանը հասած լինել սրան»:


Յաշինի կարծիքով սպանությունը քաղաքական նպատակով է կատարվել. «Նեմցովին պարբերաբար սպառնում էին: Վերջին շրջանում նա աշխատություն էր պատրաստում  «Պուտին: Պատերազմ» վերնագրով: Այնտեղ հավաքված էին փաստեր, որոնք ապացուցում էին ռուս զինված ուժերի մասնակցությունը Ուկրաինայի զինված բախումներին»:



 РИА Новости-ն հայտնում է, որ ՌԴ նախագահ Պուտինը կարծում է, որ ընդդիմադիր քաղաքական գործչի սպանությունը պատվեր  և  բացառապես պրովոկացիա է: Այս մասին տեղեկացնում է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:


Վերջինիս խոսքով Պուտինը խորապես ցավակցում է Նեմցովի հարազատներին և ընկերներին: Պուտինը ՌԴ  քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին և  ֆեդերալ անվտանգության ծառայության պետ  Ալեքսանդր Բորտնիկովին  հանձնարարել է  քննչական խումբ ստեղծել և հսկել քննչական գործողությունները: Պեսկովի փոխանցմամբ, Նեմցովի սպանության մասին անմիջապես հայտնել են Պուտինին: 


Ավելի վաղ, Նեմցովը հայտարարել էր, որ վախենում է, քանզի մտածում է, որ Պուտինն իրեն կսպանի: 

Նույն շարքից