Հասարակություն 

Ողբերգությունը քաղաքականացնելու ժամանակը չէ

analitik.am

Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողը սպանել է գյումրեցի 6 հոգանոց ընտանիքին: Հանրապետության երկրորդ քաղաքում տեղի ունեցած ոճրագործությունը ցնցել է Հայաստանը: Գյումրիում գնդակահարվեց մի ամբողջ ընտանիք:Կատարվածի պատճառները դեռեւս պարզված չեն, բայց դեպքից անմիջապես հետո հրապարակվեց կասկածվողի անունը, եւ լուսանկարը: Սպանդը կատարողը Գյումրիի ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովն է, ով ըստ նախնական վարկածի փախել է զորամասից եւ գնդակահարել ընտանիքին:

 

Իսկապես,  կատարվածը ահասարսուռ է իր ողջ էությամբ: Մարդասպանն ինչ ազգության էլ լինի պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ: Սակայն բնավ ռուսամոլ չպետք է լինել, պնդելու համար, որ հակառուսական հիստերի բարձրացնելն ուղղակի տեղին չէ:

 

Դաժան սպանությունից հետո ինչպես սոցիալական ցանցերում, այնպես էլ որոշ լրատվամիջոցներում,  ուղղակիորեն հակառուսական հիսթերիա է բարձրացել: Արձագանքներն ու «վերլուծությունները» շատ հաճախ նաեւ իրականության հետ աղերս չունեին: Խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ՝ հայտարարեցին ոմանք: Հայաստանի հասարակության էմոցիոնալ արձագանքները, և նաև հնչող կոչերը՝ բողոք բարձրացնել ռուսական ռազմակայանի դեմ և պահանջել դուրս բերել այն Հայաստանից, ըստ էության՝ այդքան էլ հասկանալի չեն:

 

Ողբերգությունը քաղաքականացնելու «ջանքեր» գործադրելու փոխարեն, հայ հասարակությունն իր միասնությունը լավագույնս կարտահայտի, օգնելով նաեւ իրավապահներին հայտնաբերելու համար ոճրագործին:Հակառակ պարագայում կատարված ողբերգությունը սարսափելի եւ շատ վտանգավոր կարող է լինել այլևայլ, այդ թվում՝ հասարակական-քաղաքական հետևանքներով: Հետեւաբար հայ հասարակությունը պետք է գնա ճիշտ ճանապարհով և լիակատար վերահսկողություն սահմանի հանցագործության քննության հանդեպ, հնարավորինս արագ հասնի հանցագործության հնարավորինս լիարժեք բացահայտմանը:

 

Հ.Գ. Իսկ մինչ այդ աղոթել ողջ մնացած փոքրիկի կյանքի համար...


Մեսրոպ Խառատյան

Նույն շարքից