Հայաստան 

Մենք պետք է դողանք մեր պետականության վրա. Դավիթ Գասպարյան

analitik.am

Մայիսյան հերոսամարտերի մասին խոսելիս միանգամից շեշտում ենք Սարդարապատը, որն անշուշտ առանցքային ճակատամարտ էր, բայց դա, ըստ էության, եռաճակատամարտ էր. և՛ Սարդարապատը, և՛ Բաշ Ապարանը, և՛ Ղարաքիլիսայի ճակատամարտերը մեկ միասնական ճակատամարտի բաղկացուցիչներ են: Հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում խոսելով մայիսյան հերոսամարտերի մասին` ասաց պատմաբան Արմեն Մարուքյանը:

«Եռամիասնության մեջ պետք է դիտել բոլոր հերոսամարտերը»,-նշեց պատմաբանը՝ շարունակելով, որ վերոնշյալ երեք ճակատամարտերից յուրաքանչյուրի ձախողումը կարող էր ճակատագրական նշանակություն ունենալ մեր հայրենիքի համար:

Անդրադառնալով պատմական դասերին՝ պատմաբանն ասաց, թե հակառակորդը երբ կարծում էր, որ կարող է մեր ժողովրդի ողնաշարը կոտրել, ժողովուրդը հասկացավ, որ այլընտրանք չկա, կա՛մ ինքը պետք է ոտքի կանգնի և պահպանի իր հողակտորը, կա՛մ՝ պետք է ցեղասպանության շարունակություն տեղի ունենա և դա կտարածվի արևելահայության վրա:

«Գոյության բնազդն արդեն արթնացավ այդ ժամանակ»,-ասաց Արմեն Մարուքյանը:

Ինչ վերաբերում է մայիսյան հերոսամարտերի դասերին, մեր ժողովուրդն այդտեղ դրսևորեց միասնական կամք և ոգի, և բոլոր խմբային ու անձնական շահերը վեր դասվեցին միասնական շահից: 

Պատմաբանի բնորոշմամբ՝ կարևոր դասը, որ պետք է քաղենք, դա այն է, որ չպետք է թույլ տանք, որ դանակը ոսկորին հասնի և պետք է կանխարգելենք վտանգավոր հնարավոր բոլոր զարգացումները:

Ասուլիսի մյուս բանախոս, գրականագետ Դավիթ Գասպարյանն էլ իր հերթին ասաց, թե հերոսներ միշտ էլ եղել են, այսօր էլ կան, երեկ էլ են եղել: «Միայն հերոսներ չէ, դավաճաններ էլ են եղել»,-ասաց գրականագետը՝ հավելելով, թե մենք պետք է մեր ազգային ինքնությունը պահպանենք:

Դավիթ Գասպարյանի խոսքով՝ խորհրդային տարիներին ավելի շատ էր ժողովրդի հավատն իր հայրենիքի հանդեպ, իսկ այդ հավատը վերականգնելու համար դրա համար պետք է այս իշխանավորները երեսով թեքվեն ժողովրդի կողմը:

«Մենք պետք է դողանք մեր պետականության վրա»,-եզրափակեց Դավիթ Գասպարյանը:

Նույն շարքից