Վերլուծական Տնտեսություն 

Ձկնաբուծության 20% աճը նպաստել է գյուղատնտեսության աճին

analitik.am

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ընթացիկ տարվա հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 4% աճ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից (ՀՀ ԱՎԾ):


Ընդ որում՝ աճ է արձանագրվել բոլոր ոլորտներում: Այսօր ԱՎԾ-ն ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2014 թվականի հունվար-մայիսին» հրապարակումը, որից տեղեկանում ենք, թե իրականում յուրաքանչյուր ոլորտում որ ենթաոլորտների հաշվին է աճ գրանցվել:


Օրինակ,  գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նշված ժամանակահատվածում աճել է 5,4 %-ով` կազմելով 160 մլրդ 754,9 մլն դրամ: Այս ցուցանիշը ներառում է բուսաբուծության, անասնաբուծության, ձկնաբուծության ծավալները: Պարզվում է, որ գյուղատնտեսության ոլորտում արձանագրված աճը մեծապես պայմանավորված է ձկնաբուծության ոլորտում արձանագրված  20% աճով: Իսկ բուսաբուծության ոլորտում նշված ժամանակահատվածում արձանագրվել է   8,3% աճ, անասնաբուծության ոլորտում՝ 4,7 %: Սակայն, հարկ է նշել, որ գյուղատնտեսության մեջ ծավալով մեծ տեղ են զբաղեցնում բուսաբուծությունն (2014-ի հունվար-մայիսին՝ մոտ 33 մլն դրամ) ու անասնաբուծությունը  (մոտ 128 մլն դրամ), իսկ ձկնաբուծությունը հունվար-մայիսին կազմել է մոտ 12 մլն դրամ:


Առևտրի ոլորտում այս տարվա հունվար-մայիսին, նախորդ ամսվա նույն ժամանակահատվածի համեմատ,  արձանագրվել է 5,1% աճ: Այս ցուցանիշը ներառում է մանրածախ, մեծածախ առևտրի և ավտոմեքենաների առևտրի ծավալները: Այսպիսով, ըստ ՀՀ ԱՎԾ-ի, նշված ժամանակահատվածում մանրածախ առևտրի ոլորտում արձանագրվել է 2,3% աճ, մեծածախ առևտրում՝ 11,1% աճ, իսկ ավտոմեքենաների առևտրում՝ 3,3% աճ:  Այստեղ հարկ է առանձնացնել մանրածախ առևտրի շրջանառությունն՝ ըստ առևտրի օբյեկտների և առևտրի իրականացման վայրի տեսակների: Պարզվում է՝ այս ոլորտում 2,3% աճն արձանագրվել է  միայն խանութների և շարժիչային ու կենցաղային վառելիքի մանրածախ վաճառքի կետերի հաշվին: Իսկ սպառողական ապրանքների շուկաներում, օրինակ, արձանագրվել է 14,7% նվազում, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում՝ 6,5% նվազում, կրպակներում 15,1 % նվազում:


Արդյունաբերության ոլորտում արձանագրվել է 0,2% աճ՝ հունվար-ապրիլի 1,4% անկման դիմաց։ Նշված ժամանակահատվածում արդյունաբերության ոլորտից աճ է արձանագրվել հետևյալ արտադրություններում. խմիչքներ՝ 0,6 %, ծխախոտային արտադրատեսակներ՝ 33,5%, մանածագործական արտադրատեսակներ՝ 17,5%, հագուստի արտադրություն՝ 24,8%,  դեղագործական արտադրանք՝ 7,3 %, ռետինե և պլաստամասսայե արտադրատեսակներ՝ 9,4%, հիմնային մետաղներ՝ 4,8 %, էլեկտրոնային և օպտիկական սարքավորումեր՝ 14,7%, էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ 3,9%, ջրամատակարարում՝ 6,2%: Իսկ մի շարք ոլորտներում անկում է արձանագրվել: Օրինակ՝ ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը նվազել է 36,1%-ով, հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործումը՝ նվազել 6%-ով և այլն:


Ծառայությունների, շինարարության, տրանսպորտի ոլորտներում արձանագրված ցուցանիշները՝ հաջորդ նյութում:


Սեդա Հերգնյան

Նույն շարքից