Վերլուծական Տնտեսություն 

Հունվար-հուլիսին Հայաստանից արտահանումն աճել է. ինչ և ինչքան ենք արտահանել

 

Այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստանից կատարված արտահանման ծավալները, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ,  2.8 %-ով աճել են՝ կազմելով մոտ 847, 5 ԱՄՆ դոլար: Իսկ արտահանման միայն հուլիսի ցուցանիշը, 2013-ի հուլիսի համեմատ, աճել է 14%-ով, այս տարվա հունիսի համեմատ՝ 12.1%-ով:


Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից: 


Ըստ հունվար-հուլիսի տվյալների՝ արտահանման 23%-ը բաժին է  ընկել ԱՊՀ երկրներին, այդ թվում,  ինչպես միշտ, առյուծի բաժինը Ռուսաստանին է ՝ 19.4%-ը, Ուկրաինային՝ 0.6%-ը, Թուրքմենստանինը՝ 0.9%-ը, Ղազախստանինը՝  0.5%-ը, Բելառուսինը՝ 0.6%-ը: 


ԱՊՀ երկրների ցուցանիշների շարքում նկատելի է, որ այս տարվա հունվար-հուլիսին, 2013-ի նույն ժամանակաշրջանի համեմատ, դեպի ՌԴ Հայաստանից արտահանումը նվազել է 6,1%-ով, դեպի Ուկրաինա՝ 36 %-ով, դեպի Թուրքմենստան՝ 33,4%-ով, իսկ դեպի Ղազախստան աճել է՝ 30.3%-ով, դեպի՝ Բելառուս՝ 21.5%-ով:


Նշված ժամանակահատվածում դեպի ԵՄ երկրներ Հայաստանից կատարված արտահանումը անկում է ապրել  4,9%-ով և ընդհանուր արտահման մեջ զբաղեցրել է 32.5 %-ը: Արտահանման տեսակարար կշռով այս երկրների մեջ առջնային տեղերում են Գերմանիան, որի բաժին է ընկեր հունվար-հուլիսի Հայաստանի ընդհանուր արտահանման 11%-ը, Բուլղարիան՝ 7.6%-ով, Բելգիան՝ 4.7%-ով, Նիդերլանդները՝ 5.2%-ով և Իտալիան՝ 2.7%-ով:


Ընդ որում՝  դեպի Գերմանիա կատարված արտահանումը, 2013-ի առաջին 7 ամիսների համեմատ, 2.1 անգամ աճել է,  դեպի Իտալիա՝ 88.8%-ով, դեպի Նիդերլանդներ՝ 5.7%-ով, իսկ դեպի Բուլղարիա նվազել է 18,5%-ով, դեպի Բելգիա՝ 56,1 %-ով:


Մնացած երկրների մասին: Դեպի Միացյալ Նահանգներ հունվար-հուլիսին Հայաստանից կատարված արտահանման ծավալը ընդհանուրի մեջ զբաղեցնում է 5.8%-ը, դեպի Իրան՝ 5.3%-ը, Չինաստան՝ 9.6%-ը, Իրաք՝ 4.7%-ը, Կանադա՝ 6%-ը, Վրաստան՝ 5%-ը:  Ընդ որում՝ դեպի ԱՄՆ արտահանումը, 2013-ի հունվար-հուլիսի համեմատ, նվազել է 5,1%-ով, դեպի Իրան՝ 19,9%-ով, դեպի Վրաստան՝ 6,3%-ով, իսկ դեպի Չինաստան աճել է 2.3 անգամ, դեպի Իրաք՝ 45.7%-ով, դեպի Կանադա՝ 8.5%-ով:


Այսպիսով, ամփոփելով հունվար-հուլիսի ցուցանիշները, ստանում ենք, որ ներկա դրությամբ արտահանման մեր գլխավոր հինգ շուկաներն են Ռուսաստանը, Գերմանիան, Չինաստանը, Բուլղարիան և Կանադան:


Ստորև ներկայացված աղյուսակում ցույց է տրվում, թե այս տարվա առաջին 7 ամիսներիn գլխավորապես ինչ ապրանքներ են արտահանվել Հայաստանից.

 

Հունվար-հուլիսին Հայաստան ներմուծման ցուցանիշներին կանդրադառնանք հաջորդ նյութերից մեկում:


Սեդա Հերգնյան

Նույն շարքից