Հարցազրույց 

Կարևորը, որ շորի տակի մարմինը մաքուր լինի, հոգին լավը լինի. Զուլում Գրիգորյան

analitik.am

Նկարիչ Զուլում Գրիգորյան


Մանկությունն այն ժամանակահատվածն է, երբ աշխարհը սահմանափակվում է քո փոքրիկ սայլակի, հետո տան ու ընտանիքի սահմաններում, ճանաչում ես աշխարհն այնպիսին, ինչպիսին այդ փոքրիկ տունն ու ընտանիքն են: Նկարիչ Զուլում Գրիգորյանի մանկությունն անցել է մարդկության համար բախտորոշ ժամանակաշրջանում:


-Մեր մանկությունն այնպիսի ժամանակ էր, որ գրեթե կարոտելու բան չկա: Հայրենական պատերազմ էր: 9-14 տարեկան ժամանակ Համաշխարհային պատերազմ էր:


Կրասնոդարում է ծնվել ապագա նկարիչը: Երբ յոթ տարեկան էր, ընտանիքը տեղափոխվեց նախկին Լենինական: Ծննդավայրից բան չի հիշում: Ասում է` հիշողությունս շատ է խառնվել, արդեն ութսունն անց եմ:


-Ինձ բերեցին, հո ես չեկա Լենինական


Ապագա նկարիչը հազիվ իննը տարեկան էր, երբ հորը տարան Ֆրոնտ: Մեկ-երկու տարի անց ստացան նրա §սեւ գիրը¦, որը, սակայն, կեղծ էր:


- Ամենաթանկ հուշը պատերազմից հորս վերադառնալն էր: Նախ շատ հանկարծակի եկավ: Էն ժամանակ չհասկացա էլ, թե ինչ եղավ: Բայց հայրս, որ պատերազմից վերադարձավ, շատ լավ զգացի, բայց շատ արագ, 46 թվին ճանապարհեցին Ուրալյան լեռներ, աքսորավայրեր: Դրա մասին առանձնապես չէի ուզում խոսել:


Աքսորավայրից հոր օգնությամբ փախել է Լենինգրադ: Այնտեղ ծնողազուրկ երեխաների համար նախատեսված արհեստագործական ուսումնարանում է սովորել: Հագուստ են տվել, օրական երկու անգամ` սնունդ:


-Լենինգրադում հասել էի մի որակի՝ որպես տղա երեխա: Դժվար էր էլի տարբեր ազգերի մեջ ապրել ու քեզ դրեւորել որպես անձ: Ներքին ուրիշ բան պիտի  ունենայիր:


Զուլում Գրիգորյանն իրենց ընտանիքի կրտսեր զավակն է եղել: Բայց, որպես տան փոքրի, վերաբերմունք չի եղել:


-  Հայրս չի եղել: Հետո աքսոր, մայրս էլ շատ փոքրիկ կին էր` մարմնով: Մենք էլ աշխատում էինք: Բաներ էր կարում, մենք էլ տանում, ծախում էինք շուկայում: Օրվա հաց էինք վաստակում: Կով էինք առել, պահում, յուղ ունեինք, կաթ ունեինք, մածուն ունեինք: Բոլորն էին այդպես, մենակ մենք չէինք:

Ապագա նկարիչը մանկության տարիներին կռիվներ ու չարաճճիություններ շատ է արել,  ասում է` երբեք չեմ խեղճացել: Ես աշխույժ ճանապարհով գնացողներից էի:


-Բոլոր ժամանակների մանկությունները նման են իրար: Հիմա եմ կասկածում, չնայած էլի լավ երեխաներ կան: Մանկությունը չի կարելի առանձնացնել: Տեսակ է լինում երեխաների, մի քիչ աշխույժ են լինում կամ մի քիչ հանգիստ, էտ էլ հետո դառնում են լուրջ ղեկավարներ:


Տասը տարեկանից նկարչական ստուդիա է հաճախել Զուլում Գրիգորյանը, որն էլ հենց կանխորոշեց նրա ապագա կոչումը: Ուսուցիչներին ջերմորեն է հիշում նկարիչը: Նա դպրոցը շատ է սիրել, նորմալ պայմաններ չեն եղել, բայց լավ է սովորել: Հենց դպրոցում էլ հանդիպել ու սիրել է ապագա կնոջը:

- 60 տարի է միասին ենք: Դպրոցում, 7-8-րդ դասարան էի: Գնացի, հետո վերադարձա, էլի իրան տեսա, էդքան աշխարհ ման եկա, էլի եկա: Հիմա էլ ապրում ենք: Հիմա էլ հիվանդ է: 60 տարի միասին ենք: Ոչ մի անգամ բարձր չենք խոսել իրար հետ, ոչ մի անգամ չենք դժգոհել:


Գեղանկարչին զարմացնում է այն, թե ինչերով են մարդիկ հպարտանում այսօր: Զարմացնում է սուտը, նյութի պաշտամունքը: 


- Չեմ հիշում, որ ինչ-որ լուրջ շորեր հագնեմ, ինչ որ եղել է, այն էլ հագել եմ: Կարեւորը, որ շորի տակի մարմինը մաքուր լինի, հոգին լավը լինի: Ուժեղ մարդու կերպար պիտի ստեղծվի: Այդպես ապրել մեծացել ենք: 


Զուլում Գրիգորյանն իր զավակների մեջ իրեն չի տեսնում, փոխվել են ժամանակները: Ինքը այն ժամանակի տեսակն էր:




Զանի Հարոյան

 

Նույն շարքից