Այսօր Մասիս քաղաքում գտնվող Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, ԲՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր, տուժող Կարո Կարապետյանի և ամբաստանյալ, նույն մարզի Ներքին Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի դատավարությունը:
Նիստի ընթացքում նախ կողմերը ծանոթացան իրենց դատավարական իրավունքներին և պարտավորություններին: Թե պաշտպանական և մեղադրանքի կողմը միջնորդություններ չունեին:
Մեղադրողը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, ըստ որի՝ Արթուր Զադոյանը մեղադրվում է ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու ու կրելու համար: 2009 թվականի հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի ճանապարհատվածում տեղի ունեցած վիճաբանության արդյունքում Կարո Կարապետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս և տվել սպանության սպառնալիքներ: Զադոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը:
Ա. Զադոյանը նշեց, որ իրեն մեղադրանքի էությունը հասկանալի է, սակայն պնդեց, որ մեղադրանքն իրականությանը չի համապատասխանում: Նա հայտարարեց, որ Կ. Կարապետյանի առողջությանը միջին ծանրության վնասվածք պատճառելու մասով իրեն մեղավոր է ճանաչում մասնակի, իսկ ապօրինի կերպով զենք ձեռք բերելու և Կարապետյանին սպանության սպառնալիքներ տալու համար իրեն մեղավոր չի ճանաչում:
Նիստին ցուցմունք տվեցին Կ. Կարապետյանը և նրա վարորդ, դեպքի ականատես Օնիկ Հովհաննիսյանը:
Թե Կ. Կարապետյանը և թե Ա. Զադոյանը նշեցին, որ նախկինում ճանաչել են միմյանց և նրանց միջև թշնամանք չի եղել: Ըստ Կ. Կարապետյանի՝ Ա. Զադոյանը զբաղվել է ավտոմեքենաների ապօրինի վաճառքով և իրեն 57 հազ. 600 ԱՄՆ դոլար է պարտք եղել: Դեպքի օրը հանդիպել են, որպեսզի Կ. Կարապետյանը պարտքի դիմաց մեքենա վերցնի: Կ. Կարապետյանը և այս գործով վկա, վերջինիս վարորդ Օնիկ Հովհաննիսյանը պնդում են, որ ամբաստանյալը մեքենայի մեջ իր հետ նախապես վերցրած «լոմով» հարվածել է Կ. Կարապետյանի գլխին, որից հետո քաշքշոց է առաջացել: Կ. Կարապետյանը իրեն պատկանող ատրճանակով երեք անգամ կրակել է՝ մեկը օդ, երկուսը Ա. Զադոյանի աջ ձեռքի և ոտքի ուղղությամբ: Վերջինս վիրավորվել է:
Օ. Հովհաննիսյանը նաև պնդեց, թե տեսել է, որ Ա. Զադոյանի գուլպայի մեջ ատրճանակ կա և երբ Զադոյանը կռացած է եղել, ինքը վերցրել է ատրճանակն ու հետո՝ հանձնել ոստիկաններին:
Իսկ Կ. Կարապետյանը մի քանի անգամ շեշտեց, թե «ափսոսում է, որ չի կարողացել սատկացնել»: Իր ցուցմունքում նա նշեց, որ դեպքի օրը իր մեքենայի մեջ միայն երկու զենք է եղել, որոնք «նվիրատվություն է ստացել», մեկը` պաշտպանության նախարարից:
Նշենք, որ նիստի ամբողջ ընթացքում Կ. Կարապետյանը վիրավորանքներ էր ուղղում Ա. Զադոյանի հասցեին: Նա նաև անընդհատ միջամտում էր իր վարորդի ցուցմունք տալու ժամանակ, ինչպես նաև՝ վիրավորում նրան:
Այս գործով հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին:
Հիշեցնենք, որ այս գործով նախորդ դատական նիստի ժամանակ, որը կայացել էր այս տարվա հոկտեմբերի 2-ին, ամբաստանյալ Արթուր Զադոյանի պաշտպան Սուսաննա Սարգսյանը բացարկի միջնորդություններ է ներկայացրել սույն քրեական գործով մեղադրանքի պաշտպանությունն իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության ավագ դատախազ Կարեն Բիշարյանի և տուժող Կարո Կարապետյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանի դեմ: Նախագահող դատավոր Թաթուլ Պողոսյանը երկու դեպքում էլ մերժել է միջնորդությունները: