Իրավական 

Բուլիվուդյան սցենարը շարունակվում է. Յուվեցի Կարոյի ընկերը պնդում է, որ սպառնալիքներ է լսել ընկերոջ հասցեին, զենքն էլ տեսել է, բայց Կարոյին չի ասել այդ մասին

ԱԺ պատգամավոր, տուժող Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) և ամբաստանյալ, Ներքին Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի գործով վկա Ռոմանոս Դանոյանը պնդում է, որ Կարապետյանի հասցեին Զադոյանից սպանության սպառնալիքներ է լսել, զենք է տեսել, բայց այդ մասին ոչ մեկին չի տեղեկացրել: Երեկ Մասիս քաղաքում գտնվող Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ նշված գործով հերթական դատական նիստը:


Իր ցուցմունքում վկան նշեց, որ Ա. Զադոյանի հետ ծանոթացել է Կ. Կարապետյանի միջոցով: Ըստ վկայի՝ վերջինս իրեն հանձնարարել է Ա. Զադոյանին օգնել վաճառել նրա մոտ եղած կարմիր սնդիկը, որպեսզի Ա. Զադոյանը գումար աշխատի և վճարի իր՝ Կ. Կարապետյանի պարտքը: «Ասացի, եթե դա ձեռք է բերվել օրինական ճանապարհով, հնարավոր է մի բան մտածել»,- նշեց վկան: Ըստ նրա ցուցմունքի՝ Կարո Կարապետյանը սնդիկից բացարձակ գաղափար չունի, չի հասկանում թե «սնդիկ-մնդիկն ինչ է», իրեն դիմել է, որովհետև ինքը՝ «դուրս-մուրս է գնում» ու նման բաներ տեսել է: Նա նշեց, որ հասկացել է՝ դա սնդիկ չի եղել ու իրենց գործարքը չի կայացել:


Ռ. Դանոյանը պնդում է, որ մի քանի անգամ միջնորդել՝ բարեխոսել է Ա. Զադոյանի համար և Կ. Կարապետյանին խնդրել սպասել մինչև «գործը գլուխ հանեն» ու նրա պարտքը մուծի Ա. Զադոյանը: Դանոյանն իր ցուցմունքում որպես պարտքի չափ նշեց 52 հազար, բայց չէր կողմնորոշվում՝ դրամ, թե՞ եվրո: Դրա վերաբերյալ նիստին մի քանի անգամ հարց հնչեցվեց և նախագահող դատավոր Թաթուլ Պողոսյանի հարցին վկան պատասխանեց, թե դոլարի մասին է խոսքը, մինչդեռ իր նախաքննական ցուցմունքում նշել էր եվրո: Նման ցուցմունքներն այս գործի շրջանակներում արդեն սովորական բնույթ են կրում: Այնպիսի տպավորություն է, որ բոլորը ամնեզիայով են տառապում:


«Արթուրը նեղն էր ընկել, որ Կարոն զանգում, փողն էր ուզում: Այդ ամեն ինչը ձգձգվեց՝ այսօր, վաղը… Այդ ընթացքում Արթուրը զանգեց ինձ՝ շատ նեղված ու ասաց՝ «դավադիտ ա անում», չգիտեմ ինչ անեմ: Ասացի՝ ոչինչ, մի բան կլինի: Գնացել եմ իրենց տուն, որ սնդիկի սերտիֆիկատները ցույց տա, դրանք չեն եղել: Հետո հանդիպել ենք Արտաշատում՝ իրենց գյուղից վերև կամուրջ կա, այդտեղ: Այդ պահին Կարոն զանգեց, ասաց՝ ի՞նչ եղավ, ե՞րբ ես փողը տալիս, ասաց՝ չեմ կարողանում, հիմա չկա, սպասի տեսնենք՝ ինչ է լինում: Արթուրն անջատեց ու սկսեց՝ «ախպեր դավադիտ ա արել, մի բան պիտի անեմ, սրանից պրծնեմ: Խի ես էտ տղեն եմ, դավադիտ արեց, ամեն ինչ էլ անելու եմ, խփելու եմ, ըտենց տղերքի եմ թաղել Եվրոպայում»,- նշեց վկան՝ պնդելով, որ Ա. Զադոյանը Կ. Կարապետյանին սպանելու վերաբերյալ իր մոտ հայտարարություն է արել չորս անգամ՝ իրենց հանդիպումների ընթացքում և այդ մասին Կ. Կարապետյանին չի տեղեկացրել, քանի որ դրանց լուրջ չի վերաբերվել:


Նա նաև նշեց, որ Ա. Զադոյանի մեքենայի մեջ զենք է տեսել՝ միայն «պոչը» և դրանից եզարակացրել է, որ այն եղել է «Մակարով» տեսակի ատրճանակ: Եվ պնդում է, որ անգամ դրանից հետո Կ. Կարապետյանին չի հայտնել «Զադոյանի սպառնալիքների» մասին: Ամբաստանյալի պաշտպան Սուսաննա Սարգսյանի հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ սպառնալիքներն իրական չի գնահատել, վկան նորից պատասխանեց, որ լուրջ չի ընդունել: Եվ դա այն դեպքում, երբ ըստ իրեն՝ Ա. Զադոյանը չորս անգամ հայտարարել է «խփելու» մասին, նրա մոտ ատրճանակ է տեսել և այսօրվա նիստին Ա. Զադոյանի հարցին պատասխանում է, որ Ա. Զադոյանն իր մոտ ոչ անլուրջի տպավորություն է թողել, ոչ էլ՝ թեթևամիտի:


Ի դեպ, նիստին Զադոյանի պաշտպան Սուսաննա Սարգսյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ռ. Դանոյանը իր ցուցմունքում հայտարարեց Ռուսաստանից Հայաստան զենքի առևտրով զբաղվող մի անձի վերաբերյալ: «Կարևոր հանգամանք եմ համարում դա և հույս ունեի, որ մեղադրող կողմը ուշադրության կարժանացնի, ո՞վ է այդ անձը, որ Ռուսաստանից Հայաստան զենքի առևտրով է զբաղվում, ինչ պետական մակարդակի, երբ Հայաստանում զենքի ներմուծումն ու արտահանումը կայացվում է պետական մակարդակով՝ կառավարության համապատասխան մարմինների որոշումներով: Այս հարցին պետք է անդրադարձ կատարվի՝ պարզելու, թե ինչ իրավաբանական գրանցմամբ է այդ անձը Հայաստան-Ռուսաստան զենքի առևտուր կատարում և ինչպես է կազմակերպում այդ առևտուրը»,- նշեց մեղադրյալի պաշտպանը:


Վկայի ցուցմունքում նշվածների վերաբերյալ Analitik.am-ի թղթակիցը նիստից հետո զրուցել Արթուր Զադոյանի հետ: Այդ մասին՝ կից տեսանյութում:


Այս գործով հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 25-ին:


Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Զադոյանը մեղադրվում է ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու ու կրելու համար: 2009 թվականի հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի ճանապարհատվածում տեղի ունեցած վիճաբանության արդյունքում Կարո Կարապետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս և տվել սպանության սպառնալիքներ: Զադոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը:

Նույն շարքից