Վերլուծական 

Բարաք Օբաման Սիրիայում զբաղվում է ինքնախաբեությամբ

 

ԱՄՆ ռազմաօդային ու ռազմածովային ուժերը, Սեպտեմբերի 23-ին`  Բարաք Օբամայի հրամանով,   առանց ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի թույլտվությամբ և պաշտոնական Դամասկոսի համաձայնության, օդային հարվածներ հասցրին Սիրիայում տեղակայված իսլամիստ ծայրահեղականների հենակետերի վրա: Ճիշտ է,  պաշտոնական Դամասկոսը հայտնեց, որ Վաշինգտոնը տեղյակ է պահել իրենց օդային հարվածների վերաբերյալ, սակայն ԱՄՆ-ն խաղտել է Միջազգային իրավունքի նորմերը՝ ռազմական գործողություններ ծավալելով օտարերկրյա ինքնիշխան պետության տարածքում՝ չստանալով այդ երկրի համաձայնությունը: Սպիտակ տունը արդարացնում է այն հանգամանքով, որ Իրաքի իշխանություններն են դիմել ԱՄՆ-ին պաշտպանել իրենց իսլամիստ ծայրահեղականներից, իսկ ԱՄՆ-ի կողմից նաղաձեռնած հակաիսլամիստական կոալիցիայի անդամները ընդունել օդային հարվածների անհրաժեշտությունը:

 

Հետաքրքրական է, որ Սիրիայի ռմբակոծությանը ԱՄՆ-ի կողմից,  աջակցում են  Հորդանանը, Բահրեյնը, Արաբական Էմիրությունները, Քաթարն ու Սաուդյան Արաբիան: Եթե Հորդանանի մասնակցությունը տրամաբանական է, քանի որ նա սահմանակից է Իրաքին ու Սիրիային,  Հաշիմյանների թագավորական ընտանիքը անհանգստացած է իսլամիստ ծայրահեղականների հաղթարշավից, որի հետևանքով Հաշիմյանները կզրկվեն գահից, ապա առնվազն տարակուսանք է առաջացնում Սաուդյան Արաբիայի և Քաթարի մասնակցությունը, որոնք հսկայական ռազմական և ֆինանսական օգնություն են տրամադրում նույն այդ իսլամիստ ահաբեկիչներին:

 

Սպիտակ տունը փորձում է իրականացնել անհնարինը՝ մի կողմից ջախջախել իսլամիստ ծայրահեղականներին,  մյուս կողմից տապալել Ասադին ու Սիրիայում իշխանության բերել չափավոր իսլամիստներին, որոնք կառաջնորդվեն ժողովրդավարական հիմունքներով և սկզբունքներով: Բարաք Օբամայի ցանկությունները ֆանտազիայի ոլորտից են, Իրաքի և Լևանտի Իսլամական պետության (ԻԼԻՊ) իսպառ վերացման համար ԱՄՆ պարտավոր է դաշնակցել այն երկրների ու քաղաքական ուժերի հետ որոնք իրոք պայքարում են ԻԼԻՊ-ի դեմ և անկեղծորեն շահագրգիռ են այս չարիքի ոչնչացման համար: Այդ երկրներից են Իրանն ու Սիրիայի կառավարական ուժերը, որոնք մարտնչում են ահաբեկիչների դեմ: Սակայն Վաշինգտոնը կասեցրեց Թեհրանի անդամակցումը հակաիսլամիստական կոալիցիային , քանի որ վերջինս իրավացիորեն պահանջում էր Սիրիայի կառավարական ուժերի մասնակցությունը ռազմական դաշինքին: ԱՄՆ-ն չի ցանկանում ընդունել այն պարզ ճշմարտությունը, որի համաձայն Ասադի,  տապալումը տարածաշրջանի համար կունենա կատաստրոֆիկ նշանակություն և երկիրը վերջնականապես կընկղմվի անարխիայի և քաոսի մեջ: Օբամայի այն հույսերը, որ աջակցելով  Սիրիայի Ազատ բանակին,  Սիրիայում իշխանության կգան չափավոր իսլամիստները,  պարզապես սին պատրանքներ են:

 

Փաստացի Սիրիայի Ազատ բանակը՝ որպես այդպիսին գոյություն չունի, այն այնքան թույլ է, որ չի կարող ազդել ստեղծված ռազմական իրադրությանը: Բացի այդ չափավոր իսլամիստներ գոյություն չունեն, չափավոր իսլամիստներից անցումը դեպի ծայրահեղ իսլամիստներ ճանապարհ շատ կարճ է ու դյուրին: Միակ չափանիշ է ծառայում այն հանգամանքը, թե տվյալ խմբավորումը պայքարում է «բռնապետ »  Ասադի դեմ, որը պատերազմ է հայտարարել ԱՄՆ-ին: Մի քանի ամիս առաջ ԻԼԻՊ-ի գրոհայինները նույնպես համարվում էին չափավոր իսլամիստներ, որոնք պայքարում էին Ասադի վարչակազմի դեմ՝ հանուն Սիրիայի ժողովրդի բարօրությանն ու ժողովրդավարությանը, անգամ նրա ներկայացուցիչները հանդիպում էին ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ի՞սկ այսօր…

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Մերձավոր Արևելք կատարած շրջագայության ժամանակ, Կահիրեում հանդիպելով Եգիպտոսի նախագահ Ֆատահ աս Սիսիին,  առաջարկեց գլխավորել զինված պայքարն ընդեմ ԻԼԻՊ-ի, սակայն նախկին զինվորական նախագահը նշեց, որ անհրաժեշտ է պայքարել բոլոր իսլամիստ ծայրահեղական խմբավորումների դեմ և զերծ մնաց ԱՄՆ-ի նախաձեռնած դաշինքի անդամակցությունից: Եգիպտոսի նախագահի առարկությունը մնաց անարձագանք, ըստ երևույթին,  Սպիտակ տունը չցանկանլով փչացնել իր վաղեմի դաշնակից Սաուդիտների տրամադրությունը,  հրաժարվեց Եգիպտոսի առաջարկից: Եթե ԱՄՆ-ն իրոք ցանկանում է արմատախիլ անել իսլամիստ ծայրահեղական խմբավորումներին, ապա նա պետք է անկեղծորեն և սերտորեն համագործակցի Իրանի, Սիրիայի և Եգիպտոսի հետ, հակառակ պարագայում ակնկալել որևէ հաջողություն շատ դժվար կլինի:

 

Սակայն ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները, տնային հայտնի կենդանու համառությամբ, շարունակում են իրենց սխալ ու անկանխատեսելի հետևանքներով ընտրած ճանապարհը: Մնում է միայն հուսալ, որ Սպիտակ տունն այնքան ողջամտություն ու խոհեմություն կունենա, որ հետ կկանգնի որդեգրած ուղուց:

 

 

Սարգիս Լևոնյան

Նույն շարքից